Բիզնեսի վերաբերյալ գիտելիքների ամփոփում. նախագծերի շնորհանդես

Դիտումների քանակ՝ 2500

Կառավարման ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողները «Բիզնեսի ներածություն» առարկայի գիտելիքներն ամփոփեցին յուրօրինակ եղանակով: Դասախոսներ Լիանա Հայրապետյանի և Անի Ասատրյանի հանձնարարությամբ կուրսի 2 խմբերը հեղինակել էին բիզնես նախագծեր և այսօր ներկայացան շնորհանդեսներով և իբրև գործարարներ՝ ամանորյա գրավիչ ակցիաներով: Մասնակցում էր կառավարման ֆակուլտետի դեկան Մանուկ Մովսիսյանը:
Առաջին խումբը՝ (դասախոս՝ Անի Ասատրյան) արտադրել էր հայկական մոտիվներով նկարազարդ շապիկներ, փայտե բրոշներ, հուշանվերներ, հելյունագործ ամանորյա խաղալիքներ: «Hands Do Best» անվանմամբ «բիզնեսը» օրիգինալ նվերների սիրահարներին հորդորում էր լինել տարբերվող, գնել և նվիրել իրենց արտադրանքը՝ պարգևելով ուրախություն:
2-րդ` «Surprise Time» խմբի (դասախոս՝ Լիանա Հայրապետյան) նախագծի հիմքում այն գաղափարն էր, որ հյուրերին պետք է ճանապարհել յուրօրինակ նվերներով: Նրանց մշակած լոգոն հուշում էր՝ ժպտալու ժամանակն է:
«Երբ հյուր ենք գնում, սովորաբար նվեր ենք տանում, և պատկերացրեք՝ որքան հաճելի կլինի, որ որպես հյուր՝ դուք էլ ստանաք հետաքրքիր նվեր»,-իրենց արտադրանքը գովազդելիս ասացին ուսանողները՝ շեշտադրելով, որ իրենք ավելի շատ ուզում են վաճառել իրենց գաղափարը: Ապագա գործարարները «արտադրել էին» ամանորյա թխվածքաբլիթներ և նշեցին, որ դրանց թեմատիկան կարող է ընտրել հաճախորդը:
Հաջորդիվ ուսանողները կարծիքներ հայտնեցին միմյանց՝ քննարկելով նախագծերի առանձնահատկությունները, գաղափարների բացառիկությունը:
Շնորհանդեսներից հետո Մանուկ Մովսիսյանը նորաստեղծական բիզնես գաղափարների համար պատվոգիր հանձնեց կուրսին:
Միջոցառման ավարտին կազմակերպվեց թեյախմություն:
Հավելենք, որ այսօր բիզնես նախագծի շնորհանդես է տեղի ունեցել նաև հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետում, հեղինակներին պատվոգիր է հանձնել դեկան Մերի Բադալյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին