Ինչպե՞ս զարգացնել բիզնես մտածելակերպը. ուսանողների ուշագրավ նախաձեռնությունը

Դիտումների քանակ՝ 2556

Կառավարման ֆակուլտետի 2-րդ կուրսի մի խումբ ուսանողներ այսօր դասամիջոցին «գումար են վաստակել»՝ «վաճառելով» իրենց ձեռքի աշխատանքը: «Բիզնեսի ներածություն» առարկայի շրջանակում կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Արթուր Եղիազարյանը առանձին խմբերի գործնական առաջադրանք էր հանձնարարել: Խմբերից մեկին առաջադրվել էր բաժակներից ստեղծել նոր ու գրավիչ ապրանքներ: Ուսանողներն էլ, անմիջապես գործի դնելով իրենց երևակայությունն ու ստեղծագործական միտքը, թղթե բաժակներից պատրաստել են օրիգինալ ամանորյա զարդարանքներ (տե'ս լուսանկարում): Ստեղծագործ «բիզնեսմենները» անտարբեր չեն թողել համալսարանականներին, ովքեր էլ դարձել են նրանց «գնորդները»: Ուսանողների խոսքով՝ ապրանքների դիմաց խրախուսական գումարներ են ստացել դեկանից, դասախոսներից:

Ինչպես մեզ հետ զրույցում ասաց ուսանող Էլեն Պետրոսյանը, իրենց խմբի ձեռքի աշխատանքներից 1 դասամիջոցի ընթացքում վաստակել են շուրջ 10 հազար դրամ:

Նախաձեռնության նպատակը ուսանողների բիզնես մտածելակերպը, ինչպես նաև ստեղծարարությունը բացահայտելն ու զարգացնելն էր:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին