Հայտնիները՝ ՀՊՏՀ-ում․ կրեատիվ հարցեր ու ոգեշնչող պատասխաններ

17.11.2022
Դիտումների քանակ՝ 1406

Տնտեսագիտական բուհում օրը տոնական էր․ Ուսանողների միջազգային օրվա առիթով բուհի ուսխորհուրդը ապագա տնտեսագետներին շնորհավորեց յուրովի՝ լեփ-լեցուն դահլիճում հյուրընկալելով ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանին, մոդել, դերասանուհի և հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանին, միջազգային կարգի սպորտի վարպետ, Հայաստանի հնգակի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն, բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանին և ՀՊՏՀ դասախոս, Գյումրու իլյուզիաների թանգարանի համահիմնադիր Գրիշա Ամիրխանյանին։

Ուսանողներին շնորհավորեց ու բարեմաղթանքներ հղեց ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը․ «Սա ձեր կյանքի ընթացքում արարելու, բարձունքների հասնելու ժամանակաշրջանն է, և ես վստահ եմ, որ ՀՊՏՀ-ի օգնությամբ դուք հասնելու եք այդ բարձունքներին, և ձեր ներդրումն եք ունենալու ՀՀ տնտեսության զարգացման գործում։ Դուք եք այն շարժիչ ուժը, որը ոգեշնչում է մեզ՝ ապրել ու արարել»։

Ուսանողներին ողջունեց նաև դերասան Խորեն Լևոնյանը՝ հորդորելով նրանց հավատալ սեփական ուժերին ու մնալ հայ։ «Օրերս մի վիճակագրության ծանոթացա․ պարզվում է՝ երկրագնդի 85 տոկոսը «ֆոլովերներ» են։ Ուզում եմ դուք այն մնացած տոկոսի մեջ լինեք, որոնք ստեղծագործ, կրեատիվ մարդիկ են»,- ասաց հայտնի դերասանը։

Հայտնի հյուրեր, ջերմ հանդիսատես, հետաքրքիր հարցեր ու անկեղծ պատասխաններ և, իհարկե, բարեմաղթանքներ։ Ոստիկանության ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետի ուսանող Ռաֆայել Հովհաննիսյանի մաղթանքն ուսանողներին, օրինակ, տարին առանց «լիկվիդների» փակելն է։ Մարզիկն անկեղծանում է՝ ուսման մեջ առանձնապես չի փայլում, «բացականերն» էլ չափից դուրս շատ են, բայց աշխատասիրությամբ կարողանում է լրացնել բաց թողածը։ «Ի՞նչ է փոխվել բռնցքամարտիկի կյանքում Եվրոպայի փոխչեմպիոն դառնալուց հետո» հարցին պատասխանում է՝ ավելի համեստ է դարձել։

Պարզվում է Լուսինե Թովմասյանը մասնագիտությամբ դիվանագետ է։ Թեև մասնագիտությամբ երբեք չի աշխատել, բայց այն իրեն օգնել է ողջ կյանքում, և չի բացառվում, որ նրան առաջիկայում տեսնենք նաև դիվանագիտության ոլորտում։ Ուսանողներից մեկի հարցին՝ որն է Լուսինե Թովմասյանի ամենաուժեղ դիվանագիտական զենքը, գեղեցկուհին պատասխանեց՝ ժպիտը։

Գրիշա Ամիրխանյանից ուսանողները հետաքրքրվեցին՝ որն է աշխարհը փոխելու նրա բանաձևը։ Ի պատասխան հնչեց․«Աշխարհը փոխելու համար պետք է սիրենք այն գործը, որով զբաղվում ենք և առավելագույն սիրով ու նվիրումով կատարենք»։ Իսկ «Ո՞րն է Գրիշա Ամիրխանյանի լավագույն հատկանիշը» հարցին դասախոսը պատասխանեց՝ արագ է կողմնորոշվում։

Գրիշա Ամիրխանյանը խոստովանեց, որ դեռ չգիտի, թե ինչպես կանվանի իր կյանքի մասին պատմող գիրքը, սակայն դահլիճից հնչած տարբերակը՝ այն անվանել «Արագ կողմնորոշվելու արվեստը», կարծես, դուր եկավ ապագա հեղինակին։

Լավագույն հարցերի հեղինակները պարգևատրվեցին նվերներով։ Անակնկալ նվերների արժանացան նաև միջոցառման մասնակից այլ ուսանողներ։

Վերջում՝ խմբակային լուսանկար աստղերի հետ․ կադրում շատերը փորձեցին «տեղավորվել»՝ գեղեցիկ օրվա հուշանկարը տանելու իրենց հետ։