ՀՊՏՀ-ն կհամագործակցի «Կորպորատիվ կառավարման կենտրոն» հիմնադրամի հետ

09.11.2022
Դիտումների քանակ՝ 1234

Գիտահետազոտական, ինչպես նաև ուսանողների բիզնես գաղափարների իրականացման, ստարտափների առաջմղման ուղղություններով այսուհետ կփորձեն համագործակցել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն ու «Կորպորատիվ կառավարման կենտրոն» հիմնադրամը։ Այս և մի շարք այլ ուղղություններով երկկողմ համագործակցության հուշագիրն այսօր ստորագրեցին համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանն ու հիմնադրամի տնօրեն Նարինե Մելիքյանը։ Հանդիպմանը ներկա էին ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը և կարիերայի կենտրոնի պետ Տաթև Վարդանյանը։

Նարինե Մելիքյանը ներկայացրեց հիմնադրամի գործունեությունը՝ ընդգծելով, որ տարատեսակ ծրագրեր են իրականացնում՝ միտված կորպորատիվ կառավարմանը, հակակոռուպցիոն համապատասխանությանը, բիզնեսի բարեվարքությանը, սակայն բոլոր ուղղություններով էլ գործունեության առանցքում բիզնեսն է ու դրա խնդիրները։ Իրականացնում են նաև «Հայ կանայք տնօրենների խորհրդում» ծրագիրը, ունեն բարեվարքության ակումբ, առաջիկայում նախատեսում են անցկացնել ձմեռային դպրոց։ Հիմնադրամի ղեկավարն ուրախությամբ նշեց, որ պատրաստ են համակողմանիորեն գործակցել մեր համալսարանի հետ։

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն իր հերթին ներկայացրեց համալսարանի գործունեության այն ուղղությունները, որոնք թույլ կտան ինտեգրվել հիմնադրամի ծրագրերին։ Ռեկտորը խոսեց կառավարման մասնագիտության ուսանողների փորձառության մասին, ներկայացրեց ուսանողների բիզնես գաղափարների իրականացմանն աջակցող ՀՊՏՀ «Փոփոխությունների լաբորատորիայի» գործունեությունը, մեր ուսանողների համար կազմակերպվող ստարտափների փառատոները։ «Ե՛վ գիտահետազոտական, և՛ ուսանողների բիզնես գաղափարների իրականացման ուղղությամբ մենք ասելիք և ներուժ ունենք, ուստի պատրաստ ենք համագործակցել»,- ասաց Դիանա Գալոյանը։

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրենն անդրադարձավ երկկողմ գիտահետազոտական համատեղ ծրագրերի կարևորությանը, իսկ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրենն ուշադրություն հրավիրեց ՀՊՏՀ-ում միջազգային ծրագրով ներդրված «Կորպորատիվ ֆինանսներ» մագիստրոսական ծրագրի շրջանակում գործակցելու հնարավորությանը։