ՀՊՏՀ-ում մեկնարկած հատուկ դասընթացն ավարտվել է վկայականների հանձնման հանդիսավոր արարողությամբ

Դիտումների քանակ՝ 1710

Հունիսի 14-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մեկնարկած «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը և տնտեսությունը» հատուկ դասընթացը, որը կազմակերպել էր «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համատեղ, ավարտվել է երեկ՝ ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությամբ:

Արտերկրից հայ ունկնդիրների համար դասախոսությամբ են հանդես եկել դոկտոր, պրոֆեսոր Մեթյու Քրոսսթոնը (ԱՄՆ-ի ռազմական համալսարան), Իվան Զուենկոն (Ռուսաստանի ազգային ակադեմիայի Հեռավորարևելյան բաժանմունքի գիտաշխատող, Մոսկվայի Կարնեգի կենտրոնի փորձագետ), պրոֆեսոր Վախթանգ Չարայանը (Թբիլիսի համալսարանի վերլուծական կենտրոնի ղեկավար), դոկտոր Մա Բինը (Չինաստանի Ֆուդանի համալսարան), Ջասփեր Վեակմանը, Թրենդ գործակալության լրագրող Տաի Յուլոնը (Նանծինի համալսարան, հետազոտող), իսկ հայկական կողմից՝ ք․գ․թ․ Մհեր Սահակյանը («Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ հիմնադրամի ղեկավար), պ.գ․թ. Վարուժան Գեղամյանը (ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս, «ԱՐԴԻ» հետազոտական հիմնադրամի տնօրեն), ք.գ.թ. Անահիտ Պարզյանը (կիբեռանվտանգության փորձագետ՝ «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ), Վազգեն Պետրոսյանը («Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ):

Դասընթացն ունկնդրելու հրավեր էին ստացել 34 անհատներ ՀՀ տարբեր համալսարաններից և գիտական կենտրոններից, ովքեր հաղթել էին մրցույթում և հնարավորություն էին ստացել մասնակցել դասընթացներին: Նրանցից միայն 27-ին հաջողվեց հավաքել անհրաժեշտ միավորներ և արժանանալ վկայականների:

Բանախոսները նրանց ներկայացրել են հայ-չինական հարաբաերությունները, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության նպատակները և առանձնահատկությունները, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ում ՀՀ ներգրավման հեռանկարները, Հայաստանի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման նպատակները և չինական կողմի ներգրավվածությունը դրանում, Չինաստանի կիբեռանվտանգության հիմնահարցերը Սի Ծինփինի նախագահության օրոք, չին-թուրքական, չին-վրացական, չին-ադրբեջանական, չին-ամերիկյան, չին-ռուսական հարաբերությունները և այլն։

ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Պարույր Ջանգուլյանը, շնորհավորելով մասնակիցներին դասընթացն ավարտելու առթիվ, նշել է. «Վստահ եմ, որ ստացած գիտելիքները ձեր մեջ ավելի մեծ հետաքրքրություն կառաջացնեն ուսումնասիրելու Չինաստանի տնտեսությունը, մշակույթը և հայ-չինական հարաբերությունները: Այս միջոցառումը վերահաստատում է, որ «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի հետ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի համագործակցությունը, որը սկսվել է այս տարվա մարտից, ավելի է ամրապնդվելու, իսկ համագործակցության ձևաչափերն ավելի բազմաբովանդակ են դառնալու»:

«Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացի հիմնադիր Մհեր Սահակյանը նշել է. «Հաջողություն եմ մաղթում մեր շրջանավարտներին, համոզված եմ, որ նրանցից շատերի հետ շարունակելու ենք համագործակցությունը և հուսով եմ, որ մեր գործընկերներն իրենց գիտելիքները կօգտագործեն հայրենիքը շենացնելու գործում։ Դասընթացի ընթացքում քննարկումներ ունեցանք ամերիկացի, բելգիացի, չինացի, ռուս, վրացի, հայ մասնագետների հետ, լսեցինք նրանց դասախոսությունները, վերլուծեցինք, փորձեցինք հասկանալ Չինաստանի հետ հարաբերությունները զարգացնելու հեռանկարները, հնարավորությունները, ռիսկերը։ Այո՛, անհրաժեշտ է, որ ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ աշխարհի երիտասարդ գերտերությունը՝ Չինաստանը, շարունակում է հզորանալ, մենք ևս Հայաստանում հասկանանք, փորձենք աշխատել նրա հետ։ Եթե ԱՄՆ-ը և Ռուսաստանը հայտարարում են շրջադարձ դեպի արևելք, Եվրոպան բաժանվում է երկու մասի՝ Չինաստանի հետ հարաբերվելու պատճառով, Պեկինը «վերցրել» է Աֆրիկան, չինական ներդրումները «Մեկ գոտի, մեկ ճանապարհի» միջոցով հասել են մեր սահմնանների մոտ, բայց Հայաստան չեն մտել, ապա մենք իրոք լուրջ աշխատանք ունենք անելու։ Այս հատուկ դասընթացն էլ կօգնի վերապատրաստել մեր երիտասարդ գիտնականների, ովքեր հետագայում կնպաստեն հայ-չինական հարաբերությունների զարգացմանը»:

Դասընթացի մեկնարկի մասին մեր նախորդ հրապարակմանը կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով։

Մեր գործընկերներն իրենց հերթին հիշեցնում են, որ Հայաստանում ընթացող Չինաստանի վերաբերյալ Հատուկ դասընթացը հայտնվել է նաև ՉԺՀ ԱԳՆ-ի պաշտոնական կայքում, և Չինաստանի խոշորագույն կառավարական լրատվամիջոցում՝ «Սինխուայում»։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին