ՀՊՏՀ պատվիրակները՝ Մոսկվայում․ ընդլայնվում է ԱՊՀ Ցանցային համալսարանի հետ համագործակցությունը

25.04.2023
Դիտումների քանակ՝ 1101

ԱՊՀ Ցանցային համալսարանի հետ համագործակցության շրջանակներում ապրիլի 21-ին և 22-ին ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը, միջազգային կապերի բաժնի պետ Անժելիկա Մուսայելյանը և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դասախոս Տիգրան Միքայելյանը Մոսկվայում Պատրիս Լումումբայի անվան Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանում (ՌԺԲՀ) մասնակցել են «Գլոբալ տնտեսության արդի հիմնախնդիրները» թեմայով 25-րդ միջազգային գիտաժողովին։ Ի դեպ, Տիգրան Միքայելյանը ՌԺԲՀ շրջանավարտ է և կարևոր դերակատարում է ունեցել ՀՊՏՀ-ՌԺԲՀ համագործակցության ընդլայնման ուղղությամբ։

Գիտաժողովին մասնակցում էին Ցանցային համալսարանի անդամ բուհերի ներկայացուցիչներ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամներ, պատվիրակներ Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից և Իտալիայից (ընդհանուր առմամբ՝ 5 երկրների 15 համալսարանների ներկայացուցիչներ)։

Գիտաժողովի առաջին օրը Գրիգոր Նազարյանը հանդես է եկել զեկուցմամբ՝ «ԵԱՏՄ երկրներում տրանսպորտալոգիստիկ խնդիրները և զարգացման հեռանկարները» թեմայով։ Մեր պատվիրակները Գիտական հաղորդակցությունների ինստիտուտում մասնակցել են «Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարությունը» թեմայով կլոր սեղանի, Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի միջազգային ծրագրերի և ցանցային համալսարաննների հետ համագործակցության բաժնի ղեկավար Անգելինա Օսիպովայի հետ քննարկել են ՀՊՏՀ անդամակցության հետ կապված հարցեր, նախանշել անելիքներ, ծրագրեր, հանդիպումներ ունեցել տնտեսագիտական ֆակուլտետի ղեկավարների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ։

Մասնակից բուհերի հետ նույնպես ՀՊՏՀ ներկայացուցիչները արդյունավետ քննարկումներ են ունեցել․նախանշվել են հետազոտական, կրթական, կրկնակի աստիճանաշնորհման ծրագրերն առարկայական հիմքերի վրա դնելու գործնական քայլեր։

Նշենք, որ ՀՊՏՀ-ն Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի հետ մշակել է համատեղ մագիստրոսական ծրագիր, որն ուսանողներին հնարավորություն կընձեռի, սովորելով երկու գործընկեր համալսարաններում (մեկ տարի՝ ՀՊՏՀ-ում, մեկ տարի՝ ՌԺԲՀ-ում), ստանալ երկու բուհերի ավարտական փաստաթղթեր: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ԱՊՀ Ցանցային համալսարանական կոնսորցիումի անդամ է 2021 թվականից։

Ցանցային համալսարանին անդամակցում է ԱՊՀ անդամ-պետությունների առաջատար 44 համալսարան՝ 9 երկրից։