ՀՊՏՀ ամփոփիչ ատեստավորման գործընթացն սկսված է․ ֆոտոշարք

25.04.2023
Դիտումների քանակ՝ 1061

Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի «Շուկայագիտություն» («Մարքեթինգ») մասնագիտության առկա բակալավրիատի ավարտական աշխատանքների պաշտպանությամբ այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մեկնարկեց 2022-2023 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման գործընթացը։

Ինչպես տեղեկացանք ՀՊՏՀ ուսումնական բաժնից, այս տարի առկա կրթաձևից մեր համալսարանում ատեստավորման գործընթացին մասնակցում է 627 բակալավրի ուսանող։

«Շուկայագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի 83 ուսանող այսօր և առաջիկա օրերին կփորձի ապացուցել, որ ուսումնառության չորս տարիների ընթացքում ոչ միայն մասնագիտական գիտելիք է կուտակել, այլև սովորել է տնտեսագիտորեն մտածել ու վերլուծել և պատրաստ է ներկայացնել կատարած աշխատանքը, պաշտպանել իր տեսակետը։

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը, որը նախագահում է ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետի տեղակալ, ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դոցենտ, տ․գ․թ․ Հրաչյա Օհանյանը, կազմ ու պատրաստ, դրական տրամադրվածությամբ սկսեց իր աշխատանքը։ Հանձնաժողովի կազմում են ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնի վարիչ, տ․գ․թ․, դոցենտ Վադիմ Գրիգորյանը, մարքեթինգի ամբիոնի դոցենտ, տ․գ․թ․ Լիլիթ Դադայանը և ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի դոցենտ, տ․գ․թ․ Սոֆիա Թոքմաջյանը։

Կարմիր դիպլոմի հավակնորդ Նինա Ազիզյանը կուրսում առաջինն էր, ով ավարտեց պաշտպանությունը։ Նրա ավարտական աշխատանքը «Սոցիալական ուղղվածության մարքեթինգային արշավների պլանավորումն ու իրականացումը ՀՀ-ում («Մի ընտրության պատմություն» արշավի օրինակով)» թեմայով է։ Նինայի փոխանցմամբ՝ պաշտպանությունն ընթացավ բարյացակամ ու ջերմ մթնոլորտում․ «Լարվածությունս թուլացավ, երբ սկսեցի ներկայացնել աշխատանքս։ Կարծում եմ՝ ինձ հաջողվեց թեման բացահայտել նոր դիտանկյունից, լինել համոզիչ և պատասխանել հանձնաժողովի հարցերին»։

Հիշեցնենք, որ ավարտական աշխատանքների պաշտպանությունը բակալավրիատի առկա ուսուցման համակարգի ուսանողների համար սահմանված է ապրիլի 25-ից հունիսի 1-ը, բակալավրիատի հեռակա ուսուցման համակարգի ուսանողների համար՝ հունիսի 5-16-ը։ Առկա մագիստրատուրայի թեզերի պաշտպանությունը կմեկնարկի հունիսի 1-ին և կշարունակվի մինչև հունիսի 30-ը, հեռակա մագիստրատուրայի թեզերի պաշտպանությունը նախատեսված է հունիսի 1-16-ը։

Լուսանկարային շարքն ամբողջությամբ տե՛ս ՀՊՏՀ ֆեյսբուքյան էջում։