Միջբուհական նոր համագործակցություն․ ՀՊՏՀ-ՎՊՀ

07.10.2022
Դիտումների քանակ՝ 1361

Հոկտեմբերի 6-ին ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը հյուրընկալել է ՌԴ Վորոնեժի պետական համալսարանի ռեկտոր Դմիտրի Ենդովիցկիին և միջազգային մրցունակության գծով ռեկտորի օգնական Յուլյա Սվետաշովային։ Հանդիպմանը ներկա էր ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի պետ Անժելիկա Մուսայելյանը։

Ռեկտորները միմյանց ներկայացրել են երկու բուհերի ուսումնական և գիտական գործունեության առանցքային ուղղությունները, ակադեմիական կրթության զարգացման իրենց որդեգրած սկզբունքները։

Հանդիպումը նշանավորվել է Դիանա Գալոյանի և Դմիտրի Ենդովիցկիի կողմից ՀՊՏՀ-ի և ՎՊՀ-ի միջև համագործակցության պայմանագրի ստորագրումով, որով ձեռք են բերվել երկու բուհերի ակադեմիական սերտ կապերի իրականացման մի շարք պայմանավորվածություններ։ Մասնավորապես նախանշվել են գիտահետազոտական, ուսումնական, ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրեր։ Առանձնակի կարևորվել է համատեղ կրթական և աստիճանաշնորհման ծրագրերի (կրկնակի դիպլոմների շնորհում) ուղղությամբ բուհերի հետագա համագործակցությունը։ Պայմանագրով ամրագրվել են նաև գիտաժողովների համատեղ կազմակերպման, գիտական հոդվածների հրատարակման, ամառային դպրոցների կազմակերպման և այլ աշխատանքներ։