«Էրազմուս+»․ երազանքից դեպի իրականություն

07.10.2022
Դիտումների քանակ՝ 1563

Իրենց երազանքներին հասնելու համար ցանկացած խոչընդոտ հաղթահարելու պատրաստ ուսանողների մի մեծ խումբ էր այսօր հավաքվել Տնտեսագիտական բուհի հանդիսությունների սրահում։ ՀՊՏՀ բակալավրի և մագիստրատուրայի ուսանողներն այստեղ էին՝ ծանոթանալու «Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունության հնարավորություններին, փոխանակային ծրագրերին մասնակցելու կարգին և պայմաններին։ Միջազգային կրեդիտային շարժունությունը «Էրազմուս+» ծրագրի գործողության ուղղություններից մեկն է, որը ինչպես ուսանողներին, այնպես էլ աշխատակիցներին արտերկրի բուհերում ուսանելու և մասնագիտական փորձ ձեռք բերելու հնարավորություն է ընձեռում։

Ծրագրին մասնակցության ի՞նչ պայմաններ է առաջարկում ՀՊՏՀ-ն իր ուսանողներին, ովքե՞ր կարող են լինել ծրագրի շահառու, որքա՞ն է ուսումնառության տևողությունը, քանի՞ անգամ կարելի է դիմել ծրագրին․ այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխաններ հնչեցին այսօր՝ «Էրազմուս+»-ի տեղեկատվական օրվա շրջանակում։

ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի «Էրազմուս+» ծրագրի պատասխանատու Սոնա Աղաբաբյանը ուսանողներին ներկայացրեց ծրագրին դիմելու կարգը, փաստաթղթային գործընթացը, պատմեց, թե ինչպես է Էրազմուսը փոխել իր կյանքը, իսկ նախորդ տարիներին ծրագրին մասնակցած ուսանողներ Վահեն, Քրիստինան և Մարիամը ավելի բացեցին փակագծերը՝ ապագա էրազմուսականներին ծանոթացնելով մոտիվացիոն նամակ գրելու նրբություններին, խորհուրդ տվեցին անդամագրվել Էրազմուսի ուսանողական ցանցին (Erasmus Student Network), բացահայտեցին Եվրոպայով ճամփորդելու և ամենակարևորը՝ նոր ընկերներ ձեռք բերելու հնարավորությունները, մեծ ոգեշնչումով պատմեցին իրենց արտասահմանյան ուսումնառության և փորձառության մասին։ «Եթե ձեր առջև նպատակ եք դրել, գնացեք այդ նպատակին ընդառաջ և երբեք մի հանձնվեք»․ Էրազմուսին հավետ սիրահարված ՀՊՏՀ-ականների խորհուրդն էր նորաթուխներին։

Իրազեկման միջոցառումն ամփոփվեց «Էրազմուս+»-ի շրջանակում նախապես հայտարարված մրցույթի հաղթողներին մրցանակներ, ինչպես նաև ակտիվ մասնակիցներին շնորհակալագրեր հանձնելու հանդիսավոր արարողությամբ։

Եվ այսպես, «Հաջողության լավագույն պատմություն» անվանակարգում 1-ին կարգի մրցանակին արժանացավ Արիաննա Մարալյանը, իսկ «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգում 1-ին հորիզոնականն զբաղեցրին ամենաակտիվ էրազմուսականներ Մարիամ Արզումանյանն ու Քրիստինե Խաչատրյանը։

«Արտերկրի բուհերում ուսանելու, վերապատրաստվելու և առաջադեմ փորձը Հայաստան բերելու առումով «Էրազմուս+»-ի ընձեռած հնարավորությունները մեր բուհի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար անչափ կարևոր են։ Մեր նպատակն է՝ իրազեկման այսօրինակ միջոցառումների միջոցով առավել մեծ թվով ուսանողների ծանոթացնել կրեդիտային շարժունության էությանն ու հնարավորություններին»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի պետ Անժելիկա Մուսայելյանը։

Իրազեկման միջոցառման մասնակիցների համար նման հանդիպումները ոչ միայն ոգեշնչող են, այլև գործնական մեկ քայլ՝ դեպի երազանք։

Նշենք, որ բոլոր այն ուսանողների համար, որոնք հետաքրքրված են «Էրազմուս+» ծրագրով և չունեն անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ, հոկտեմբերի 12-ին և 13-ին ՀՊՏՀ-ում կկազմակերպվի անգլերենի քննություն։