ԱԻ աշխատակցի օրվան նվիրված իրազեկման դաս ՀՊՏՀ-ում

06.09.2022
Դիտումների քանակ՝ 1221

Ավանդույթի համաձայն, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնն անմասն չմնաց ԱԻ աշխատակցի օրվան նվիրված միջոցառումներից։ Արտակարգ իրավիճակներում ուսանողների տեսական գիտելիքների ամրապնդմանն ու հետագայում դրանք որպես գործնական հմտություն կիրառելուն էր նվիրված վերոնշյալ ամբիոնի դոցենտ, ՀՊՏՀ ԱԻ և ՔՊ գործառույթների պատասխանատու Սիրանուշ Հարությունյանի այսօրվա դասախոսությունը՝ «Ֆինանսներ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողների համար։

Վերջիններս ծանոթացան արտակարգ իրավիճակների և ռազմական իրադրության պայմաններում բնակչության պաշտպանությանը, պետական միասնական համակարգին (իրավական նորմատիվային բազային), վտանգի տեսակներին, տարածքների և բնակչության խոցելիության նվազեցման մեխանիզմներին։

«Մեր երկրում ԱԻՆ-ն ի զորու է իր լավագույն մասնագետների միջոցով լուծելու օրեցօր առաջադրվող խնդիրները և դիմագրավելու նոր մարտահրավերներին։ Հայաստանը, ինչպես գիտենք, պատերազմող երկիր է և ապահովագրված չէ մոլորակին սպառնացող աղետներից։ Այդ տեսանկյունից, մեր համալսարանում կարևորվում և իրականացվում է արտակարգ իրավիճակներում բնակչության, ուսանողության իրազեկումը՝ թեմատիկ դասախոսություններով և միջոցառումներով»,- ասաց Ս․ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ ամբիոնը ԱԻ աշխատակցի օրվան նվիրված մեծամասշտաբ ուսումնավարժանք էր կազմակերպել նախորդ տարի։ Միջոցառմանն, ընդհանուր առմամբ, մասնակցություն էին ցուցաբերել մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի շուրջ 200 ուսանողներ, ինչպես նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ԵՓՎ Կենտրոն բաժնի թիվ 8 փրկարարական ջոկատը։