Դիանա Գալոյան. ՀՊՏՀ ուսանողներն անվճար դասընթացների միջոցով կստանան գործնական հմտություններ

Դիտումների քանակ՝ 2838

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մեկնարկում է ուսանողներին ուղղված հերթական նախագիծը՝ Skill Up: Բուհի ղեկավարության նախաձեռնությամբ նախագծի շրջանակներում ուսանողների համար կկազմակերպվեն անվճար դասընթացներ, որոնց նպատակն է ուսանողներին փոխանցել այնպիսի գործնական հմտություններ և կարողություններ, որոնք խիստ պահանջված են աշխատաշուկայում: Հայաստանյան լավագույն մասնագետների ներգրավմամբ ուսանողների համար կկազմակերպվի 5 դասընթաց (1. Business Communication skills (Communication, Problem-solving, Time-management), 2. English Speaking Skills, 3. Digital Marketing and SMM, 4. Business Tools (SPSS, Advanced Excel), 5. Public Speaking and Presentation skills): Դասընթացը կընտրեն ուսանողները՝ համաբուհական առցանց քվեարկության միջոցով, որը շուտով կկազմակերպվի ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Մարտի 5-ին կմեկնարկեն դասընթացները, նախագծի իրականացումը կապահովի ՀՊՏՀ շարունակական կրթության և վերապատրաստումների բաժինը:

Այս նախաձեռնության շուրջ asue.am-ը զրուցեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի հետ:

- Հարգելի՛ տիկին Գալոյան, ինչպե՞ս ծնվեց այս նախագծի գաղափարը:

-Նախ պետք է ասել, որ մեր կրթական համակարգի արդիականացման հիմնական ուղենիշը պետք է դառնա ուսանողներին հիմնարար ակադեմիական գիտելիքներին զուգահեռ գործնական հմտությունների փոխանցումը: Այս առումով, թերևս, մեր կրթական համակարգում կա բաց, որը մասնակիորեն լրացնելու ուղիներ ենք փնտրում: 2019թ. դեկտեմբերի 6-ին ՀՊՏՀ-ում կայացավ բուհ-աշխատաշուկա արդյունավետ համագործակցությանը նվիրված աշխատաժողով, որին մասնակցում էին 30-ից ավելի գործատուներ, խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, անձնակազմի կառավարման մասնագետներ: Այդ աշխատաժողովը ծառայեց իր նպատակին՝ մեզ հնարավորություն տալով վեր հանել գործատուների կարիքները, բացահայտել նրանց ակնկալիքները մեր շրջավարտներից և հստակեցնել, թե ինչպիսի հմտություններով աշխատակիցների կարիք ունի մեր աշխատաշուկան: ՀՊՏՀ շարունակական կրթության և վերապատրաստումների բաժինն ամփոփեց արդյունքները, կազմեց այդ անհրաժեշտ, այսպես ասած, փափուկ հմտությունների (Soft Skills) ցանկը և դրանց համապատասխան կազմեց դասընթացները:

- Ովքե՞ր են անցկացնելու դասընթացները:

- Ընդգրկվելու են լավագույն և փորձառու դասընթացավարներ և ուսանողներին փոխանցելու են անհրաժեշտ հմտություններ: Ցանկանում եմ նշել, որ մենք մեծ աշխատանք ենք կատարում նաև դասախոսական կազմի և աշխատակիցների վերապատրաստման ուղղությամբ: Այս առումով ևս ունենք նախաձեռնություններ և առաջիկայում կհայտարարենք հետազոտության մեթոդներին նվիրված վերապատրաստման դասընթացի մեկնարկի մասին:

-Ի՞նչ արդյունք կարող են ակնկալել ուսանողներն այս դասընթացների ավարտին:

-Մեր նպատակն է ՀՊՏՀ ուսանողներին, հատկապես ավարտական կուրսերի, դարձնել առավել մրցունակ մասնագետներ, որոնք համալսարանն ավարտելուց հետո անխոչընդոտ կհաստատվեն աշխատաշուկայում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին