Ներկայացվել է հայ-ճապոնական բարեկամության մասին վավերագրություն, որի բացահայտման ակունքներում ՀՊՏՀ ճապոնագետ դասախոսն է

19.02.2021
Դիտումների քանակ՝ 1255

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում երեկ կայացել է հայ-ճապոնական բարեկամության մասին պատմող գիտամշակութային միջոցառում՝ Ճապոնագետ, ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի ասիստենտ, տ․գ․թ․ Աննա Վարդանյանի նախաձեռնությամբ։ Նրա հրավերով միջոցառմանը ներկա են գտնվել հատուկ հյուրեր՝ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, երկրորդ քարտուղար Ռիկա Օնոդերան, ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, ՀՀ ԱԳՆ Արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների բաժնի պետ Մնացական Սաֆարյանը։

Առաջին անգամ հանդիսատեսի դատին է հանձնվել բացառիկ վավերագրություն, որի ակունքներում Հայոց ցեղասպանության տարիներին ճապոնական նավի օգնությամբ Հայկական Զմյուռնիայից հայերի և հույների փրկության դրվագներն են, իսկ միջոցառման ավարտին կայացել է «Տոկեի Մարու» անիմացիոն ֆիլմի պրեմիերան, որի ցուցադրման բացառիկ իրավունքը ստացել էր ՀՊՏՀ դասախոսը՝ հույն անիմատոր Զախոս Սամոլադասից։

«Ըստ էության, ներկայացված վավերագրությունը բացահայտում էր՝ 100 տարի անց։ Այս պատմությունը սկսվեց պատահական մի դիպվածից։ Մի հին լուսանկար գտա, որտեղ պատկերված էր Զմյուռնիայի նավահանգստում խարիսխ գցած ճապոնական նավը։ Լուսանկարի հետքերն ինձ տարան Հունաստան և Ճապոնիա։ Այնուհետև, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում իմ հանդիպումը պատմաբան Թեհմինե Մարտոյանի հետ համատեղ ու հետաքրքիր հետազոտությունների շարունակությունը դարձավ։ Երեկ հանդիսատեսի դատին է հանձնվել հենց այս հետազոտությունը, որը պատմում է ճապոնական Տոկեի Մարու նավի և ճապոնացի քաջ նավապետի սխրանքների մասին՝ Հայոց ցեղասպանության վերջին փուլի ընթացքում, 1922 թվականին»,-asue.am-ի հետ զրույցում ասաց Աննա Վարդանյանը։

Միջոցառումը եզրափակվել է դեսպան Ջուն Յամադայի խոսքով, որը շնորհակալություն է հայտնել ճապոնագետ Աննա Վարդանյանին՝ շարունակական բացահայտումների համար։

Հանդիպման ավարտին մասնակիցները Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ծաղիկներ են խոնարհել անմեղ զոհերի հիշատակին։

Համավարակով պայմանավորված՝ միջոցառումը կկայանա երկու անգամ։ Այս անգամ այն ունկնդրեցին դիվանագետները, ցեղասպանագետները, պատմաբանները, լրագրողները։

Հավելենք, որ Աննա Վարդանյանը 2019թ. ՀՊՏՀ-ում դասավանդում է նաև «Ճապոնագիտություն» առարկան։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին