ՀՊՏՀ-ում մեկնարկել է «Տնտեսական զարգացման առաջնահերթություններ և մարտահրավերներ» միջազգային գիտաժողովը

11.05.2023
Դիտումների քանակ՝ 1483

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր՝ մայիսի 11-ին, մեկնարկեց ASECU-ի (Հարավարևելյան Եվրոպայի և Սևծովյան տարածաշրջանի տնտեսագիտական համալսարանների ասոցիացիա) 19-րդ միջազգային երկօրյա գիտաժողովը՝ «Տնտեսական զարգացման առաջնահերթություններ և մարտահրավերներ» խորագրով։

Գիտաժողովի բացման պաշտոնական արարողությանը մասնակցեցին ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, ASECU-ի նախագահ Գրիգորիս Զարոտիադիսը, ASECU-ի նախագահության անդամ Օլեգ Բոդյագինը, ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը, գիտաժողովի լիագումար նիստի մոդերատոր Տաթևիկ Վարդանյանը, 30 օտարերկրացի հյուրեր, գիտնականներ Գերմանիայից, Ռուսաստանից, Հունաստանից, Բուլղարիայից, Բելառուսից, Ղազախստանից, Նիգերիայից, Լատվիայից, Մոլդովայից, Մալթայից, Ռումինիայից, ինչպես նաև միջազգայնագետներ, տնտեսագետներ, ՀՊՏՀ գիտնական-մանկավարժներ։

Ողջունելով գիտաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ Դիանա Գալոյանը նմանօրինակ լայնամասշտաբ միջոցառման կարևորությունն ընդգծեց հատկապես գիտության առաջընթացի, տնտեսագիտական մտքի զարգացման, հետազոտական գործունեության բարելավման, միջազգային փորձի յուրացման և տնտեսական բարեփոխումների տեսանկյունից։

«Համոզված ենք՝ ASECU-ն այն առաջատար կրթական կազմակերպությունն է, որն արդյունավետ համագործակցության հարթակ է դառնում Հարավարևելյան Եվրոպայի և Սևծովյան տարածաշրջանի երկրների տնտեսագիտական բուհերի համար։ Մեծ պատիվ է հյուրընկալել այս գիտաժողովը՝ այդպիսով հավաստելով, որ ՀՊՏՀ-ն՝ հայաստանյան միակ պետական տնտեսագիտական բուհը, որտեղ կրթում ու կրթվում են տնտեսության բնագավառի լավագույն մասնագետները, գործուն ներկայություն և ներգրավվածություն ունի միջազգային գիտակրթական նախաձեռնություններում, որոնք միտված են տնտեսագիտական մտքի զարգացմանն ու առաջընթացին։ Շնորհակալ ենք անգնահատելի աջակցության և համագործակցության համար։ Հուսով ենք՝ հաճույք կստանաք ոչ միայն գիտաժողովից, այլ նաև մեր գեղեցիկ երկիրը վայելելու հնարավորությունից»,- ասաց Դիանա Գալոյանը՝ վստահություն հայտնելով, որ գիտաժողովը մասնակից բուհերի ակադեմիական կազմերին կընձեռի նաև գործընկերային նոր հարաբերությունների, իսկ ուսանողներին՝ տնտեսագիտական կրթության բնագավառի առաջատար մասնագետներին լսելու հնարավորություն։

Գրիգորիս Զարոտիադիսն իր հերթին շնորհակալություն հայտնեց Տնտեսագիտական համալսարանին՝ գիտաժողովը հյուրընկալելու համար․ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՊՏՀ-ին՝ նախաձեռնողականության և գիտաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Պատվաբեր է ASECU-ի կազմում ՀՊՏՀ-ի նման վստահելի և հեղինակավոր գործընկեր ունենալը, և ես բարձր եմ գնահատում ձեր համալսարանի ներդրումն ու ջանքերը՝ միտված գիտաժողովի կայացմանը»։

Խոսելով գիտաժողովի թեմատիկ ընդգրկման և նպատակների մասին՝ Թաթուլ Մկրտչյանը նշեց, որ վստահ է՝ առաջիկա երկու օրերը հագեցած և արդյունավետ են լինելու։ «Երբ գիտաժողովի գաղափարը սաղմնային վիճակում էր, իմ հարգարժան գործընկեր Օլեգ Բոդյագինին հարց ուղղեցի՝ քանի՞ հոդվածի ակնկալիք պետք է ունենանք և քանի հոդվածի դեպքում կարող ենք գիտաժողովը կայացած համարել։ Ասաց՝ 30 հոդվածը բավարար կլինի։ Առաջին փուլում մենք ունեցանք 90 հայտ, ընդ որում՝ բավական խիստ պահանջներ էինք սահմանել»,- ասաց ՀՊՏՀ պրոռեկտորը։

Բացման ելույթներից հետո մեկնարկեց լիագումար նիստը, որի ընթացքում զեկուցումներով հանդես եկան Թաթուլ Մկրտչյանը (ՀՊՏՀ), Գրիգորիս Զարոտիադիսը (Սալոնիկի Արիստոտելի համալսարան, Հունաստան), Դավիթ Հախվերդյանը (ՀՊՏՀ), Օլեգ Բոդյագինը (Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարան, Դոնի Ռոստով, Ռուսաստան), Միքայել Մելքումյանը (ՀՊՏՀ)։

Զեկուցումներում հնչած տնտեսագիտական համակողմանի վերլուծությունները վերաբերում էին տնտեսական անվտանգության աշխարհաքաղաքական ասպեկտներին, զբաղվածությանը, աղքատությանը և եկամուտների բևեռացմանը, կանաչ տնտեսությանը և կայուն զարգացմանը, տնտեսության թվայնացմանը և այլն։

Լիագումար նիստից հետո գիտաժողովը շարունակվեց 7 բաժանմունքներում։

Նշենք, որ գիտաժողովին ներկայացված և զեկուցված հոդվածները կհրապարակվեն ISBN միջազգային ստանդարտով գիտաժողովի նյութերի ժողովածուում, որը հասանելի կլինի ASECU-ի և ՀՊՏՀ-ի պաշտոնական կայքէջերում։

Երկօրյա գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի նաև վաղը՝ մայիսի 12-ին։