Հրապարակվել է «Տնտեսություն և հասարակություն» ՀՊՏՀ նոր գիտական պարբերականի անդրանիկ համարը
Ընթերցողին է ներկայանում ՀՊՏՀ գիտական նոր, հայալեզու հանդեսը՝ «Տնտեսություն և հասարակությունը», որի առաջին թողարկումն առցանց է ՀՊՏՀ պաշտոնական կայքում։ Ամսագիրը ժառանգորդն է ՀՊՏՀ-ի կողմից հրապարակվող հայալեզու «Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի և սկզբունքորեն պահպանել է նախորդի կառուցվածքային տրամաբանությունն ու մասնագիտական խորագրերը։
ՀՊՏՀ ռեկտոր, հանդեսի գլխավոր խմբագիր Դիանա Գալոյանը 1-ին համարի առաջաբանում նշում է․ «Միջազգային չափանիշներին համապատասխանող և անգլերեն հրապարակվող «Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի կողքին համալսարանը չէր կարող չնախատեսել հայալեզու մասնագիտական ամսագրի թողարկումը, որում հրապարակվող հոդվածների համար նույնպես սահմանվել է միջազգային մասնագիտական ամսագրերին համապատասխանող չափորոշիչների ամենաբարձր նշաձողը»։ Նրա խոսքով՝ հանդեսի խմբագրական խորհրդում ընդգրկված են Հայաստանի և արտերկրի տնտեսագիտական հանրույթը ներկայացնող հեղինակավոր գիտնականներ։
Եվ այսպես, «Ֆինանսներ» խորագրի ներքո հրապարակվել է Կարեն Ասատրյանի «Հարկային քաղաքականության հիմնախնդիրները լեռնահանքային արդյունաբերության կայուն զարգացման համատեքստում» հոդվածը։
«Կառավարում» խորագրում Գայանե Ավագյանի և Քնարիկ Վարդանյանի «Պետություն-մասնավոր գործընկերությունը որպես ենթակառուցվածքների զարգացման խթան» հոդվածն է։
«Տարածքային զարգացում» խորագրում կարող եք ընթերցել Նարեկ Հարությունյանի և Մարինե Օհանյանի «Գինեգործության կլաստերացումը Վայոց ձորի մարզում» հոդվածը։
«Կրթություն, նորարարություն, գիտելիք» խորագրի ներքո Աշոտ Մարկոսյանի, Էլյանորա Մաթևոսյանի, Մերուժան Մարկոսյանի «Հայաստանը ժամանակակից նորարարական գործունեության համատեքստում», Վարդան Աթոյանի «Կամրջելով գիտելիքն ու քաղաքականությունը. «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հիմնադրման տասնամյակին», ինչպես նաև Անի Խաչատրյանի «Նորարարությունը որպես տնտեսության մրցունակության բարձրացման շարժիչ ուժ» հոդվածներն են։
«Մաթեմատիկական տնտեսագիտություն» խորագիրը ներկայանում է Հակոբ Թարփոշյանի «Ինստիտուցիոնալ որակի դերը կյանքի տևողության վրա. պանելային տվյալների ռեգրեսիոն վերլուծություն» հոդվածով։
«Դասավանդման մեթոդաբանություն» խորագրում Իզաբելլա Աբգարյանի «Մասնագիտական օտարալեզու տեքստերի վրա աշխատանքի արդի մոտեցումները ոչ լեզվաբանական մասնագիտությունների խմբերում» հոդվածն է։
Գիտական պարբերականի անդրանիկ համարի էլեկտրոնային տարբերակը՝ այստեղ։