ՀՊՏՀ տաղավարը՝ գրավիչ և հյուրընկալ. մեկնարկեց տարվա խոշորագույն կրթական ցուցահանդեսը

05.04.2023
Դիտումների քանակ՝ 921

Երեք օր՝ ապրիլի 5-7-ը, Հայաստանում և արտերկրում գործող ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերին ծանոթանալու լավագույն վայրը կլինի Yerevan EXPO ցուցահանդեսային համալիրը, որտեղ ներկայացված են կրթական ծառայությունները՝ իրենց ողջ բազմազանությամբ և գրավչությամբ։

«Կրթություն և կարիերա EXPO-2023»-ն այս տարի աննախադեպ է թե′ ընդգրկման ծավալներով, թե′ աշխարհագրությամբ․ 80-ից ավելի մասնակիցներ՝ բուհեր, քոլեջներ, ուսումնական կենտրոններ, դոնոր կազմակերպություններ։

Տարվա խոշորագույն կրթության ցուցահանդեսի բացումը խորհրդանշող կարմիր ժապավենը կտրեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն։ Ողջունելով ցուցահանդեսի այցելուներին ու մասնակիցներին՝ Արաքսիա Սվաջյանը նշեց, որ EXPO-2023-ը հրաշալի հնարավորություն է դիմորդներին և առհասարակ կրթական ոլորտով հետաքրքրվողներին լավագույնս ներկայանալու, ինչպես նաև գործընկերային արդյունավետ հարաբերություններ կառուցելու համար։

Ողջույնի խոսքից հետո հյուրերը շրջեցին տաղավարներով, զրուցեցին մասնակիցների հետ։ Կանգ առնելով ՀՊՏՀ տաղավարի մոտ՝ ԿԳՄՍ փոխնախարարը հետաքրքրվեց բուհի կրթական ծրագրերով, մասնագիտություններով, ապա ՀՊՏՀ կամավորների հետ լուսանկարվեց ֆոտոխցիկի առջև։

ՀՊՏՀ տաղավարը, ինչպես միշտ, հյուրընկալ է՝ ձևավորված բրենդային գույներով, ստեղծարար լուծումներով տեղեկատվական պաստառներով, իսկ ՀՊՏՀ կամավորները սիրով ու պատրաստակամությամբ դիմավորում են այցելուներին, տեղեկություն փոխանցում ընդունելության գործընթացի, կրթական ծրագրերի, կարիերայի զարգացման ուղղությունների, տրամադրվող կրթաթոշակների և գործող զեղչային համակարգի մասին, ապա ցանկացողներին ուղղորդում՝ մասնագիտական կողմնորոշման ինտերակտիվ թեստ անցնելու: Իսկ թեմատիկ ֆոտոկրպակը մասնակիցներին նվիրում է ՀՊՏՀ-ի հետ ծանոթության անմոռաց ակնթարթներ։

Եվ այսպես, 2 օր՝ ապրիլի 6-7-ը, ցուցահանդեսային առօրյան հագեցած է լինելու ինտերակտիվ քննարկումներով, շոու-ներկայացումներով, պանելային քննարկումներով, սեմինարներով, գիտափորձերով և մրցութային խաղերով։

Նշենք, որ ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերության կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Իրադարձության մասին մեր ֆոտոշարքը տե՛ս ֆեյսբուքյան էջում։