«Նոր գիտելիքի փոխանցումը առաջնային է գիտնական-մանկավարժի համար»․ Անահիտ Մելքումյան

06.04.2023
Դիտումների քանակ՝ 820

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Անահիտ Մելքումյանի կենսագրությունը բազում թելերով է կապված Տնտեսագիտական մայր բուհի հետ, իսկ 1983 թվականը մեկնակետ դարձավ նրա աշխատանքային գործունեության համար, որն այսօր բոլորում է չորս տասնամյակը։ Այդ ժամանակ բուհի աշխատանքի տնտեսագիտության և գիտական կազմակերպման ամբիոնի դասախոս էր։

1984-ին Սանկտ Պետերբուրգի ֆինանսատնտեսագիտական համալսարանում պաշտպանում է թեկնածուական ատենախոսությունը, 1994 թ. ավարտում է Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի և մենեջմենթի քոլեջը՝ ստանալով բիզնես վարչարարության մագիստրոսի աստիճան (MBA), 2005-ին պաշտպանում է դոկտորական ատենախոսությունը։

2018 թ․ Անահիտ Մելքումյանը ստանձնում է աշխատանքի տնտեսագիտության ամբիոնի, իսկ 2021 թվականից՝ աշխատանքի տնտեսագիտության և բիզնեսի կազմակերպման ամբիոնների միավորման արդյունքում ձևավորված բիզնես վարչարարության ամբիոնի ղեկավարումը։

Ամբիոնը, որի կազմում բարձրակարգ և փորձառու, հիմնականում երիտասարդ մասնագետներ են, բազմափորձ գիտնական-մանկավարժի ղեկավարությամբ ներգրավված է հետազոտական, վերապատրաստման և որակավորման ծրագրերում, հանդես է գալիս միջազգային գիտական հարթակներում։

«Մենք աշխատում ենք կրթության բնագավառում, հետևաբար, մեր խնդիրն ու նպատակն է՝ պատրաստել այնպիսի մասնագետներ, որոնք կլինեն կարողունակ և մրցունակ աշխատանքի շուկայում, կնպաստեն մեր տնտեսության զարգացմանը և ինովացիոն փոփոխություններին: Կարծում եմ՝ դա մեզ հաջողվում է, քանի որ շրջանավարտների մեծամասնությունն աշխատանքի է տեղավորվում արդեն իսկ գիտահետազոտական փորձառության ընթացքում»,- ասում է Անահիտ Մելքումյանը։

Պրոֆեսորի գիտական հետաքրքրությունների շրջանակը լայն է՝ մարդկային ռեսուրսների և կարիերայի կառավարումից մինչև աշխատանքի շուկայի և զբաղվածության հիմնախնդիրներ։ 50-ից ավելի աշխատությունները (դասագրքեր, մենագրություններ, դասախոսության տեքստեր և հոդվածներ), ինչպես նաև միջազգային ամսագրերում հրապարակված հոդվածները գիտնականի արձագանքն են տնտեսական նորագույն զարգացումներին։ Համոզված է՝ կրթական գործընթացը սերտորեն կապված է գիտության հետ․ «Նոր գիտելիքի փոխանցումը առաջնային է գիտնական-մանկավարժի համար, և դրա գիտակցումը նրան մղում է մասնագիտական պրպտումների և կատարելագործման։ Ինձ հատկապես ոգևորում է այն, որ մեր համալսարանում գերակշիռ թվաքանակ կազմող կանայք մեծ եռանդով ու հետևողականությամբ են կատարում իրենց ստանձնած գործը։ Նրանք ոչ միայն բանիմաց մասնագետներ են, այլև բարեխիղճ աշխատակիցներ ու գործընկերներ, ընտանիքի հրաշալի մայրեր։ Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ ցանկանում եմ Մայրության և գեղեցկության տոնի՝ Ապրիլի 7-ի առթիվ շնորհավորել մեր համալսարանի բոլոր կանանց՝ ռեկտոր Դիանա Գալոյանի ղեկավարությամբ։ Ցանկանում եմ ամուր առողջություն, աշխատանքային հաջողություններ և երջանկություն»։