Կրթությունը համակարգչի էկրանից
Տարիներ անց, հավանաբար, դու ժպիտով կհիշես, որ այն ուսանողների թվում ես եղել, ովքեր ավարտական աշխատանք են պաշտպանել կամ քննություն են հանձնել առցանց տեսակապով: Բուհ ընդունվելիս հավանաբար չես էլ պատկերացրել նման բան: Բայց արի ու տես, որ երբեք չես կարող ասել երբեք… Արդեն շուրջ երկու ամիս է` ուսանողի առօրյան փոխվել է, և եթե դու օրագիր ունեցող ռոմանտիկներից ես, անշուշտ, այս օրերին լրացումներ արել ես, որոնք կարմիր թելի նման հետո կսահեն համալսարանական նոթատետրիդ էջերից:
Մելինե Աբրահամյանը մեկն է այդ ուսանողներից և ոչ միայն. գերազանցիկ, ռոմանտիկ, ստեղծագործող ու նորը որոնող, և իհարկե, կյանքի հիշարժան ակնթարթների մասին նոթեր կատարող: Նրա մասին այս բնութագրումները պատահական չեն. նա մարքեթինգ մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող է: Ապրիլի 22-ին առցանց պաշտպանել է փորձառության հաշվետվությունը և արժանացել առավելագույն գնահատականի` 20-ի: «Ուսանողի օրագիր» խորագրում նա պատմում է առցանց կրթություն ստանալիս իր զգացողությունների, շրջանավարտի համար պատասխանատու շրջափուլում համակարգչի հետ «մտերմանալու», գիտելիքը համակարգչին «վստահելու» համարձակության մասին: «Ես ավարտական աշխատանքը առաջին առցանց պաշտպանողներից եմ: Լինելով մարքեթինգի ուսանող` լավ գիտեմ, թե որքան կարևոր է պաշտպանության ժամանակ ներկայանալի լինելը` վստահություն ներշնչել, խոսել գեղեցիկ, սովորածդ պատմել դիպուկ, որպեսզի անէմոցիոնալ համակարգչի «դիմախաղը» շարժվի և նա կարողանա նույնքան տպավորիչ ասածդ հաղորդել դասախոսներին: Ինչ խոսք, կենտրոնանալ է պետք, և, անկեղծ ասած, երբ ավարտական աշխատանքիդ գիտական արժեքը լրջորեն կարևորում ես, միտքդ այնքան զբաղված է լինում, որ «շոու» անելը բարդագույն առաջադրանքն է և′ օնլայն, և′ օֆլայն տիրույթում, բայց, ամեն դեպքում, դրա մասին չես մոռանում, ինչպես ասում է ժողովուրդը` «կարմրուկ է, պիտի հանես»,-մեզ հետ զրույցում ասում է Մելինեն, ապա փորձում նկարագրել փորձառության պաշտպանության ընթացքը, որը փոքր-ինչ արկածախնդիր էր, և որն արդեն ուսանողական օրագրում արձանագրված հուշ է:
«Փորձառության հաշվետվությունը պաշտպանեցի (zoom-ով), մի քանի բառ էի արտաբերել, երբ անհարմարության զգացողությունս փոխանցվեց էլեկտրականությանը ու հոսանքի տատանման պատճառով համակարգիչս անջատվեց: Հետո ստիպված եղա նորից սկսել: Ամբողջ էներգիաս սպառել էի աշխատանքս գրելու գործում ու ասես, սպառվել էի: Բացի դրանից, որևէ թեմա լավ յուրացնելուց հետո այն սովորական է դառնում և ներկայացնելը նմանվում է աթոռի կառուցվածքը պատմելուն. աթոռ է էլի, երեքից ավելի քանի ոտք էլ ունենա, գործառույթը չի փոխվում: Փորձառության հաշվետվության պաշտպանությունը սկսվեց ապրիլի 22-ին, ավարտվեց ապրիլի 23-ին. կատակ չեմ անում, կեսգիշերն անց միայն խմբի վերջին ուսանողները պաշտպանեցին: Ի դեպ, ևս մի անգամ հիացա մեր` մարքեթինգի ամբիոնի վարիչի համբերատարությամբ, հետևողականությամբ, ուսանողի անհատականությունը ճանաչելու ու հետո միայն սիրելու կարողությամբ, քանի որ հակառակ տարբերակը` սիրելը առանց ճանաչելու, շոու է առանց բովանդակության, իսկ այդպիսի սերերը, ժամանակի ընթացքում դիմակազերծվելուց բացի, նաև անիմաստ են: Գիտեք` երբ դպրոցական էի, մտածում էի, որ ամենակարևորը բարի լինելն է, հետո հասկացա, որ բնազդային բարությունը կարող է վնասել (այդպիսի դրսևորումներից է, օրինակ, ծնողի ծայրահեղական սերը), ուստի ամենակարևորը խելացի լինելն է (չէ որ այն իր մեջ ընդգրկում է նաև բարությունը. Սոկրատեսն է ասել): Հիմա ես մտածում եմ, որ միակ բանը, որին հաստատապես պետք է տիրապետել, սիրելն է, առողջ, բովանդակային, գիտակցված, բարեբեր սիրելը: Մարքեթինգի ամբիոնն ինձ համար միայն լավ մասնագետների համայնք չէ, այլ սիրող ու սրտացավ մարդկանց ընկերություն: Այս մարդիկ ինձ մարքեթինգ են սովորեցրել, բայց ինքս նրանցից սովորել ու սովորում եմ սիրել»,-առաջին առցանց փորձությունը պատվով հաղթահարած ու գուցե, փոքրիկ հաջողությունից ոգեշնչված և ավելի վստահ` Մելինեն այժմ պատրաստվում է ավելի լուրջ պաշտպանության, խոսքը, իհարկե, ավարտական աշխատանքի մասին է: Իսկ համակարգչի էկրանից «երևացող» կրթության, իր փորձառության պաշտպանության ընթացքում տեխնիկայի չարաճճիությունների մասին նա արդեն ամենաեզակի բառերով ու փոխաբերություններով գրել է իր ուսանողական օրագրում:
Շարունակելի…
Հ.Գ. Լուսանկարը` Մելինեի փորձառության հաշվետվության պաշտպանությունից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին