Հեռավար կրթությունը ուսանողին նաև համակարգչային հմտություններ է փոխանցում, ինչը մեր օրերում գործատուի հիմնական պահանջներից է. Նարեկ Կեսոյան

Դիտումների քանակ՝ 3797

Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում հեռավար կրթության ընթացիկ փուլի շուրջ զրուցել ենք դեկանի ժ/պ, տ.գ.թ., դոցենտ Նարեկ Կեսոյանի հետ:

-Պարոն Կեսոյան, վերջին շրջանում, իրավիճակից ելնելով, գրեթե բոլոր ոլորտների գործընթացները տեղափոխվեցին առցանց հարթակ: Կրթությունը ևս բացառություն չէր, և անհրաժեշտ էր արագ ստանձնել դրա հեռավար կազմակերպումը: Ձեր ֆակուլտետն ինչպե՞ս հաղթահարեց այս մարտահրավերը:

-Այո, գլոբալ իրավիճակը մեզ պարտադրեց նոր սոցիալական հարաբերություններ և մի շարք վերափոխումներ: Առցանց կրթության անցումը մեկն էր դրանցից, և այն պատշաճ կազմակերպելը ահռելի ջանքեր պահանջեց: Հասել ենք լավ արդյունքի. առկա և հեռակա կրթաձևերում ուսուցումը շարունակվում է, մեր ամենօրյա մշտադիտարկումները ցույց են տալիս, որ ներգրավվածությունը մեծ է: Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետը ՀՊՏՀ մի մասնիկն է և մշակված մեխանիզմներին հետևելով` բարձր որակով ապահովում է ուսումնական գործընթացը: Մեր ֆակուլտետի ամբիոնների մասով կարող եմ ասել, որ դասաձախողումներ չեն եղել: Դասախոսների ներգրավվածությունը 100% է, բոլորն իրենց դասերը կազմակերպում են դասացուցակներին համապատասխան, իսկ ուսանողների մասնակցությունը դասերին կարող ենք գնահատել 70-75%: Այն ուսանողները, որոնք դասերին միշտ ներկա էին, այժմ ներկա են նաև առցանց և հակառակը:

-Առցանց դասերի անցկացման համար ո՞ր հարթակներն են առավել կիրառական:

-Հիմնականում օգտվում ենք ZOOM-ից և ֆեյսբուքյան խմբերում քննարկումներ ենք կազմակերպում, ուսանողները ներկայացնում են իրենց հարցերը: Լրացուցիչ կապի միջոցները կիրառում ենք ըստ անհրաժեշտության:

- Առցանց կրթությունը տեխնիկապես բոլոր շահառուներին հասանելի՞ է:

-Հիմնականում այո, բայց կան նաև ուսանողներ, որոնք չունեն, օրինակ, համակարգիչ: Այդ ուսանողները փոքրաթիվ են, և բուհը նրանց լրացուցիչ աջակցություն է ցուցաբերել:

-Հեռավար կրթության պարագայում ուսանողին գնահատելը հե՞շտ է արդյոք. չէ՞ որ հաղորդակցությունը միջնորդավորված է:

-Սուբյեկտիվության ռիսկն ի սկզբանե ավելի մեծ էր: Սակայն մենք կարողացանք այն նվազագույնի հասցնել` նախ և առաջ ամեն ինչ հնարավորինս թափանցիկ կազմակերպելով: Օրերս տեղի են ունեցել փորձառությունների պաշտպանություններ, որոնց հետևելու հնարավորություն են ունեցել միաժամանակ մի խումբ դասախոսներ և ուսանողներ: Իսկ օբյեկտիվ մոտեցում ցուցաբերելու նկատառումով դասախոսը մի շարք մասնագիտական հնարքների է դիմում:

-Առցանց կրթության արդյունավետությունն այս պահի դրությամբ ինչպե՞ս կգնահատեք:

-Հեռավար կրթությունը, ըստ էության, նոր մշակույթ է: Ամեն դեպքում, մենք կարողացել ենք կրթությունը վերակազմակերպել, կարողացել ենք միասնաբար, համատեղ ջանքերով: Արդյունավետությունը կարող ենք համակողմանի գնահատել որոշ ժամանակ անց: Այս պահին բարձր եմ գնահատում: Այն արդյունավետ է նախ այն տեսանկյունից, որ ուսումնական գործը չի խափանվում: Բացի դրանից, հեռավար կրթության ընթացքում ուսանողը նաև համակարգչային հմտություններ է ձեռք բերում, ինչը մեր օրերում գործատուի հիմնական պահանջներից է: Այսինքն, բացի մասնագիտական գիտելիքներից, կրթության շահառուն ձեռք է բերում նաև տեխնիկական գրագիտություն, որը արդի ժամանակաշրջանում նրան ավելի մրցունակ է դարձնում:

Շնորհակալություն:

Սիրելի′ ՀՊՏՀ-ականներ, այսպիսով ամփոփում ենք ՀՊՏՀ բոլոր 6 ֆակուլտետների դեկանների հետ հարցազրույցների շարքը, որում յուրաքանչյուրը ներկայացնում էր իր ֆակուլտետի հեռավար կրթության կազմակերպման գործընթացը, ինչպես նաև կարծիք հայտնում առցանց կրթության արդյունավետության, առաջադրած խնդիրների վերաբերյալ:

Հ.Գ. Մեր նախորդ 5 հարցազրույցները կառավարման, հաշվապահական հաշվառման և աուդիտի ինֆորմատիկայի և վիճակագրությանՏԿ և ՄՏՀ և ֆիննասական ֆակուլտետների դեկանների հետ կարող եք կարդալ ընդգծված հղումներով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին