ԱԻ աշխատակցին նվիրված միջոցառում ՀՊՏՀ-ում
Սեպտեմբերի 4-ը ՀՀ արտակարգ իրավիճակների աշխատակցի օրն է, և մեր համալսարանում այն երբեք չի անտեսվում, ավելին՝ ճանաչողական բնույթ է ստանում ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի ջանքերով՝ ուսանողներին զինելով անհրաժեշտ գիտելիքով, պատրաստականությամբ։ Այս տարի ամբիոնը կազմակերպել էր դասախոսություն և խմբային խաղ-վիկտորինա։
«Արտակարգ իրավիճակներ․ բնութագրումը, դասակարգումը, ՀՀ-ին սպառնացող վտանգները, դրանց տեսակները, պայքարի և կանխարգելման միջոցառումները» թեմայի շրջանակում «Մարքեթինգ» և «Ֆինանսներ» մասնագիտությունների 1-ին կուրսեցիների համար դասախոսեցին ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի դոցենտ, ՀՊՏՀ ԱԻ և ՔՊ գործառույթների պատասխանատու Սիրանուշ Հարությունյանը և նույն ամբիոնի ասիստենտ Անի Տերտերյանը։
Սիրանուշ Հարությունյանը, ողջունելով 1-ին կուրսեցիների նորամուտը համալսարան և շնորհավորելով ԱԻ աշխատակիցներին, ընդգծեց, որ իրենց դժվարին և պատասխանատու աշխատանքը նրանք կատարում են պատվով ու անձնազոհ կերպով։
Դասախոսությունից հետո խմբային խաղ-վիկտորինան նվիրված էր կլիմայի փոփոխությանը և էներգիայի խնայողությանը («Արտակարգ իրավիճակներ» դասընթացի շրջանակում)։ Ուսանողներն ակտիվորեն ներգրավվեցին խաղում, ցուցաբերեցին բանիմացություն և մտքի ճկունություն, իսկ ավարտին հաղթողները պարգևատրվեցին խորհրդանշական նվերներով։
Միջոցառմանը մասնակցում էին ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի ասիստենտներ Նեդա Պետրոսյանը և Ռուզաննա Կարապետյանը։