«Էրազմուս+»-ի դիմորդների համար ՀՊՏՀ-ում մեկնարկեցին անգլերենի քննությունները

Դիտումների քանակ՝ 1497

Եվրամիության «Էրազմուս+» կրթական ծրագրի հանդեպ տարեցտարի աճող հետաքրքրություն է նկատվում: ՀՊՏՀ միջազգային գործունեության շրջանակում ամեն ուսումնական տարում տասնյակ համալսարանականներ ուսումնառության մեկ կիսամյակն անցկացնում են արտերկրի գործընկեր բուհերում:

Ծրագրի մրցույթին դիմելիս կարևոր նախապայմաններից մեկը անգլերենի լավ իմացությունը հավաստող փաստաթղթի առկայությունն է, և գործընթացն ուսանողների համար դյուրացնելու համար ՀՊՏՀ միջազգային կապերի բաժինը ամեն կիսամյակում կազմակերպում է անգլերենի քննություններ:

Այսօր մեկնարկեցին լեզվի իմացության ստուգատեսները: Նշված բաժնի պետ Սոնա Մատինյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քննությունները կանցկացվեն այսօր և վաղը, իսկ հաջորդ օրերին նախատեսվում են Եղեգնաձորի և Գյումրու մասնաճյուղերում:

«Այս փուլում քննություններին մասնակցելու համար գրանցվել է 100 ուսանող: Քննությունը բաղկացած է 3 մասից՝ լսելու (Listening), կարդալու (Reading), գրելու (Writing) հմտությունների ստուգում»,-ասաց բաժնի պետը:

Մասնակիցներին մաղթում ենք հաջողություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին