«Էրազմուս+» KA107-ի շրջանակում համագործակցային հանդիպում՝ Սուչավայի Ստեֆան սել Մարե համալսարանի հետ

11.03.2021
Դիտումների քանակ՝ 1140

Սուչավայի Ստեֆան սել Մարե համալսարանի տնտեսագիտության և պետական կառավարման ֆակուլտետի կողմից իրականացվող Happy birthday USV «Էրազմուս+» KA107 նեթվորքինգային հանդիպման շրջանակում տեղի է ունեցել վեբինար, որի ընթացքում ներկայացվել են ՀՊՏՀ ենթակառուցվածքները, ձեռքբերումները, ուսումնառության ուղիները օտարերկրյա ուսանողների, հետազոտողների համար, համատեղ հետազոտական, գիտական ծրագրերի իրականացման հնարավորությունները և այլն։ Այս մասին հաղորդում են ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից։

Վեբինարի ընթացքում խոսվել է օտարերկրյա մի շարք համալսարանների ուսումնական ծրագրերի մասին, որոնք հնարավորություն են ընձեռում ներգրավելու օտարերկրյա ուսանողների, ինչպես նաև մեր ուսանողներին հնարավորություն կընձեռվի փոխանակման ծրագրերի շրջանակներում շարունակել կրթությունը եվրոպական համալսարաններում: Հանդիպմանը մասնակցել են եվրոպական բուհեր՝ Սուդբերիի համալսարանը (Կանադա), Վալասկե Մեզիրիցի անվան բիզնես ակադեմիա և բարձրագույն մասնագիտական դպրոցը (Չեխիա), Պարմայի համալսարանը (Իտալիա), Սանտյագո դե Կոմպոստելայի համալսարանը (Իսպանիա) և այլն։

Առցանց հանդիպմանը քննարկվել են նաև համագործակցության շրջանակներն ընդլայնելու նոր հնարավորություններ՝ համատեղ հետազոտությունների իրականացում, համատեղ դրամաշնորհային ծրագրեր, առցանց դասախոսությունների անցկացում, փոխանակումներ և այլն։

ՀՊՏՀ-ից ծրագրին մասնակցել է միջազգային կապերի բաժնի առաջատար մասնագետ Սոնա Աղաբաբյանը։ Նրա խոսքով՝ նոր համագործակցության ուղիներն ու եղանակները մեծապես կնպաստեն ՀՊՏՀ միջազգայնացման ընդլայնմանը։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին