ՀՊՏՀ-ն համագործակցություն է հաստատում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» հետ. մեկնարկը՝ ուսանողների հետ հանդիպմամբ և հուշագրի ստորագրմամբ

11.03.2021
Դիտումների քանակ՝ 1617

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» այսօր փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ ազդարարեցին համագործակցության մասին։ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» գլխավոր տնօրեն Արթուր Սահակյանը փոխըմբռնման հուշագրով վավերացրին համագործակցությունը, որն ուղղված է ՀՊՏՀ ուսանողների ներգրավվածությանը ընկերության բիզնես-նախագծերում՝ որպես հետազոտողներ/խորհրդատուներ, ինչպես նաև ընդգրկմանը փորձառության ձևաչափում` այդպիսով ՀՊՏՀ ուսանողներին փոխանցելով գործնական գիտելիք և հմտություններ: Ընկերության ղեկավար կազմի անդամները դասընթացների միջոցով ակադեմիական տարվա ընթացքում նաև կներկայացնեն իրենց մասնագիտական փորձն ու գիտելիքը, կոգեշնչեն ուսանողներին։

Մինչ պաշտոնական արարողությունը, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» գլխավոր տնօրեն Արթուր Սահակյանը, ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնի վարիչ Վադիմ Գրիգորյանի հետ, ներկա գտնվեց «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն» առարկայի դասին (դասախոս՝ մարքեթինգի ամբիոնի դոցենտ Լիլիթ Քոլյան)։ Դասի ավարտից հետո ընկերության տնօրենը ներկայացրեց «Բիզնես ստրատեգիաները FMCG ոլորտում» թեման, այդ համատեքստում՝ տարբեր ռազմավարություններ, որոնք կարող են օգտագործվել ընկերությունների կողմից արագ շրջանառվող սպառողական ապրանքների (FMCG) ոլորտում մրցակցային առավելություն ձեռք բերելու համար, անդրադարձավ կատեգորիայի և ապրանքանիշի/բրենդի ռազմավարություններին՝ բացատրելով առիթի վրա հիմնված ակտիվացում (Occasion based activation) մոտեցումը, ապա պարզաբանեց գնորդների համար մարքեթինգային մոդելների ու գործիքների կիրառումը:

Հանդիպումը սպասված էր, և մասնակցում էր շուրջ հարյուր ուսանող։

Արթուր Սահակյանն անդրադարձավ նաև Կոկա-Կոլա-ի ստեղծման պատմությանը (1886 թ.), նշեց, որ այն վաճառվում է աշխարհի 28 երկրում, ընկերությունն աշխարհում ունի 59 գործարան, ներկայացնում է 136 բրենդ։ Ուսանողներն ուշադրությամբ ունկնդրեցին աշխարհահռչակ ընկերության ստեղծման, զարգացման պատմությունը, ծանոթացան կիրառվող ռազմավարություններին, հաջողություններին։ Հանդիպումն ավարտվեց աշխույժ հարցուպատասխանով։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին