Էրազմուսյան այցեր ՀՊՏՀ
«Էրազմուս+»-ի միջազգային շարժունության ծրագրի շրջանակում մայիսի 8-12-ը ՀՊՏՀ-ում հյուրընկալվել են Հասելթի համալսարանի (Բելգիա) գործարար տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Կոեն Վանհոֆը, Մալթայի արվեստի, գիտության և տեխնոլոգիայի համալսարանի դասախոս Նիկոլաս Բալդաչինոն, իսկ մայիսի 9-15-ը՝ Յաշիի Ապոլոնիայի համալսարանի (Ռումինիա) հաղորդակցությունների ֆակուլտետի դասախոսներ Իրինա Պետրուկա-Ռոզուն և Ալեքսանդրա-Վիոլետա Գեորգիուն։
Այցի ընթացքում օտարերկրացի գործընկերները հանդիպումներ են ունեցել ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանի, միջազգային կապերի բաժնի պետ Անժելիկա Մուսայելյանի հետ։ Վերջիններս հյուրերին ներկայացրել են համալսարանի գործունեությունն ու հաջողությունները, միջազգայնացման գործընթացում որդեգրած քաղաքականությունը, ընթացիկ արձանագրումները, միաժամանակ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, քննարկվել են հետագա համագործակցության հարցեր։
ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների համար պրոֆեսոր Կոեն Վանհոֆը դասախոսել է «Տվյալների հավաքագրում և որոշումների ընդունում» թեմայով։
Պրոֆեսորին հյուրընկալել է տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ Եվգենյա Բազինյանը։ Կառուցողական զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։
Այցի շրջանակում մայիսի 11-ին և 12-ին եվրոպացի գործընկերները ՀՊՏՀ-ում մասնակցել են «Տնտեսական զարգացման առաջնահերթություններ և մարտահրավերներ» խորագրով միջազգային գիտաժողովին։