Ընդլայնվող համագործակցություն «Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի» հետ. ՌԴ դասախոսները ՀՊՏՀ-ում բաց դաս վարեցին (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1638

ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի հետ ՀՊՏՀ-ի բազմամյա գործակցությունն ընդլայնվում է:

Այսօր մեր համալսարանում էին նշված բուհի առաջատար մասնագետներ Անաստասիա Ստեփանովան և Պավել Մալիշևը, ովքեր կորպորատիվ ֆինանսների վերաբերյալ բաց դաս վարեցին: Թեման հետաքրքրել էր ֆինանսական ֆակուլտետի ուսանողներին, որոնք էլ լսարանում գերակշռում էին: Ներկա էին ֆինանսների ամբիոնի վարիչ Աշոտ Սալնազարյանը, միջազգային կապերի բաժնի պետ Սոնա Մատինյանը, դասախոսներ, աշխատակիցներ, Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Հայաստանի նախագծերի համակարգող Նոնա Միրզախանյանը:

Բանախոսները հանդես եկան առանձին դասախոսություններով՝ Պավել Մալիշևը՝ «Ինչպե՞ս արդյունավետ կառավարել ֆինանսական միջոցները ձեռնարկություններում բարձր անորոշության պայմաններում» թեմայով, Անաստասիա Ստեփանովան՝ «Վարքագծային կորպորատիվ ֆինանսներ կամ ինչու՞ է մարդկանց նշանակությունը այդքան մեծ բիզնեսում»: Դասախոսությունները խարսխված էին հետազոտությունների և կիրառական առաջարկությունների վրա:

Հանդիպումը կազմակերպել էր ՀՊՏՀ միջազգային կապերի բաժինը, որի առաջատար մասնագետ Դավիթ Մինասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս կիսամյակում Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի և ՀՊՏՀ փոխգործակցությունը ինտենսիվ է լինելու, ուրվագծվել են առաջիկա միջոցառումները, որոնք առնչվում են և´ գիտական, և´ կրթական ասպեկտներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին