Ձեր ուսանողները տարբերվում են, նրանք արագ մասնագիտանում են և առաջ շարժվում․ նոր համագործակցության մեկնարկ՝ գոհունակության խոսքերով

15.11.2022
Դիտումների քանակ՝ 1347

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և «Ֆինքընթրոլ» ՍՊԸ-ն այսուհետ ջանքեր կգործադրեն աշխատաշուկայի համար որակյալ կադրեր պատրաստելու համար։ Այս մասին համագործակցության հուշագիրն այսօր ստորագրեցին ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը և ընկերության տնօրեն Ռոման Մովսիսյանը։ Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը և կարիերայի կենտրոնի պետ Տաթև Վարդանյանը։

«Գործատուների անմիջական ներգրավվածությունը ուսումնական գործընթացում շատ ենք կարևորում հատկապես համատեղ կրթական ծրագրերը բարելավելու, ուսանողների մասնագիտական աճի ապահովման, համապատասխան հմտությունների ձեռքբերման տեսանկյունից։ Գործատուները պետք է օգնեն ակադեմիական համայնքին, որպեսզի հնարավոր լինի միասնաբար հասնել աշխատաշուկայի համար որակյալ, հմուտ մասնագետների պատրաստման գլխավոր նպատակին»,- ասաց ռեկտոր Դիանա Գալոյանը՝ հույս հայտնելով, որ երկկողմ գործակցությունն արդյունավետ կլինի։

«Շնորհակալ ենք գերազանց մասնագետներ պատրաստելու համար։ Ձեր համալսարանի շրջանավարտները տարբերվում են, նրանք արագ մասնագիտանում են, աճում և առաջ շարժվում»,- գոհունակության այս խոսքերով ռեկտորին դիմեց ընկերության տնօրենը՝ պարզաբանելով, որ այդ տպավորությունն ստացել է իրենց ընկերությունում ՀՊՏՀ շրջանավարտների աշխատանքից։

Ռոման Մովսիսյանը նշեց, որ «Ֆինքընթրոլ» ՍՊԸ-ն մատուցում է հաշվպահական հաշվառման, աութսորսինգային (outsourcing), ֆինանսական և իրավաբանական խորհրդատվական ծառայություններ։

Երկուստեք նշվեց, որ տնտեսագիտական կադրեր պատրաստող մասնագիտացված բուհի հետ գործակցությունը ընկերության կադրային համալրումն ապահովելու լավագույն ճանապարհն է։