Gabby․ ամեն ինչ շների առողջության և ծանոթության համար

20.04.2022
Դիտումների քանակ՝ 1020

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ՀՀ ԲՏԱ նախարարության «Գաղափարից մինչև բիզնես» նորարարական բաղադրիչով շահառու հանդիսացող սկսնակ ընկերությունների դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացնում է նախագիծ, որի նպատակն է՝ սկսնակ բիզնեսի ներկայացուցիչներին զինել անհրաժեշտ գիտելիքներով և գործնական հմտություններով, տրամադրել գործնական կապերը ընդլայնելու նպաստավոր պայմաններ՝ բիզնեսը զարգացնելու համար։ Աքսելերացիոն ծրագրի շահառուներն են տարբեր բնույթի 6 ստարտափներ։ Ծրագրի շրջանակում փետրվարի 22-ին ՀՊՏՀ Change Lab-ում մեկնարկել և շարունակվում է թեմատիկ դասընթացների, ինչպես նաև մենթորների հետ համագործակցության փուլը, որի մասնակիցներն արդեն ծանոթացել են ստարտափներում մտավոր սեփականության պաշտպանության խնդիրներին, ֆինանսավորման փուլերին և ներդրումային գործիքներին, ֆոնդահայթայթմանը, թվային մարքեթինգին և բրենդինգին։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժինը ծրագրի մասնակից 6 ստարտափները ներկայացնող հրապարակումների շարք է սկսել։ Առաջին հրապարակումը նվիրված էր Zleenk ստարտափին, երկրորդ հրապարակումը Gabby հավելվածի մասին է։

Gabby-ն շների առողջության և ծանոթությունների հաստատման՝ Հայաստանում ստեղծված առաջին հավելվածն է, որն անվճար կարող են ներբեռնել iOS-ի և Անդրոիդի օգտատերերը։

Ինչպե՞ս առաջացավ հավելվածը ստեղծելու գաղափարը

Գաղափարը ծնվել է մոտ երկու տարի առաջ, երբ Վաչե Սահակյանն իր շանը խնամելու նպատակով սկսել է համացանցում տեղեկություն որոնել։ «Ես շուն ունեի, սակայն չէի կարողանում պատշաճ ձևով զբաղվել նրա խնամքով և առողջությամբ, ինչը, սակայն, շատ էի կարևորում։ Քանի որ ուսանող էի, չէի հասցնում ապահովել շան բնականոն կյանքի համար անհրաժեշտ օրական ֆիզիկական ակտիվությունը, տանել զբոսանքի և այլն։ Բացի ֆիզիկական ակտիվությունից, կարևոր էր նաև շփումը, քանի որ շները շփվելով ոչ միայն հանգստանում են, այլև դաստիարակում միմյանց։ Հետագայում կրկին խնդրի առջև կանգնեցի, երբ եկավ շան բազմանալու տարիքը, և միակ լուծումը նրան համապատասխան ընկեր գտնելն էր»,- asue.am-ին պատմում է Վաչե Սահակյանը՝ նշելով, որ որոնումներն արդյունք չտվեցին, և հավելվածի ստեղծման գաղափարը սկսեց աստիճանաբար ուրվագծվել։

«Որոշեցի, որ պետք է ստեղծել սոցիալական մեդիայի մի հարթակ, որի օգնությամբ շուն ունեցողները նախ կկարողանան հետևել իրենց կենդանու առողջությանը, կգտնեն անհրաժեշտ տեղեկություն, ծանոթություններ կհաստատեն, միջոցառումներ կկազմակերպեն, կգտնեն իրենց կենդանուն համապատասխան ընկեր»,- ասում է Վաչեն։

Ովքե՞ր են ստարտափը նախաձեռնողները

Ինչպես կռահեցիք, Gabby ստարտափի գաղափարը Վաչե Սահակյանին է պատկանում, նա է ստարտափի համահիմնադիրը և տնօրենը, զբաղվում է բիզնեսին առնչվող հարցերով։ Վաչեն Պարսկաստանից է, գործընկերները՝ Արամ Մանուկյանը՝ Սիրիայից, Նարեկ Մանուկյանը՝ Հայաստանից: Նրանք ապահովում են ստարտափի ծրագրային աշխատանքը։ «Երբ որոշեցի նման հավելված ստեղծել, անհրաժեշտություն առաջացավ նաև ծրագրավորմանը ծանոթանալու։ Արամ Մանուկյանն ու Նարեկ Մանուկյանը, կարելի է ասել, իմ ուսուցիչներն են, մեզ մոտ հետաքրքիր և արդյունավետ գործընկերություն է ձևավորվել»,- ասում է Վաչեն։

Ի՞նչ է առաջարկում Gabby-ն

Հավելվածն արդեն շուկայում է մոտ 7-8 ամիս։ «Մինչ գործարկելը հայաստանյան շուկայում պրոդուկտն ամբողջությամբ փորձարկել ենք, բավական դրական արձագանքներ ստացել, հաճախորդների հետ շփվելու ընթացքում նաև որոշակի փոփոխություններ կատարել։ Նաև ստեղծեցինք լավագույն օգտատերերի ակումբ, որոնց հետ քննարկում ենք նորություններն ու թարմացումները»,- պատմում է Վաչեն։ Նրա խոսքով՝ հարթակը բարի և հաճելի միջավայր է, որտեղ շան տերերը տեսնում են բազում այլ շների, ծանոթանում նրանց տերերի հետ, հետևում իրենց շան առողջությանը. «Հավելվածը ներկայացնում է՝ ինչքան և երբ պետք է կերակրել շանը, ինչպես հետևել շան քաշին, եթե պատվաստման շրջանն է, մոտակայքում ինչ կլինիկա կա… մի խոսքով՝ գլխավոր նպատակը շան առողջությունն է»։

Ձեռքբերումների մասին

«Առաջին և կարևոր հաջողությունը թիմն է, ամենքն իրենց ոլորտի լավագույններից են, և սա համարում եմ ամենամեծ ձեռքբերումը։ Մենք համահունչ և ներդաշնակ ենք աշխատում, սա շատ կարևոր է։ Գործընկերությունն էլ ամուսնության պես բան է, նույն հետաքրքրությունների և նպատակների շուրջ է»,- հավատացած է Վաչեն։

Ընկերության ապագան

Gabby-ն պատրաստվում է դուրս գալ միջազգային շուկա՝ թիրախավորելով ԱՄՆ-ի Տեխաս նահանգը։ Վաչեի խոսքով՝ առաջիկա 7-10 տարին Gabby-ն ստարտափ կլինի, սակայն նպատակներն ու անելիքները շատ են։ Հեղինակները պատրաստվում են շներին վերաբերող ծրագրային նոր թարմացումներ կատարել, համագործակցել շներին առնչվող կազմակերպությունների հետ։

«Հավելվածի սկզբնական կարգախոսն էր՝ «Շան կյանքն էլ է կարևոր»։ Հետագա անելիքների մասին չեմ շտապի փակագծեր բացել, բայց կարող եմ նշել, որ չենք շեղվելու շան առողջության կարևորության գաղափարից. այն լինելու է առաջնային, սակայն պետք է աշխատենք նաև շան տերերին նոր ծառայություններ առաջարկելու ուղղությամբ։ Օրինակ, եթե չեն հասցնում իրենց շանը տանել զբոսանքի կամ պատվաստման, մենք կարողանանք օգնել»,- ասում է Վաչեն։

ՀՊՏՀ-ում իրականացվող աքսելերացիոն դասընթացների մասին

«Իմ սպասումները ուրախալի կերպով արդարանում են։ Հայաստանում շատ եմ մասնակցել նման ծրագրերի, դասընթացների, բայց բոլորը հիմնականում շատ սկսնակ մակարդակի գիտելիք են տրամադրում՝ ենթադրելով, որ ունկնդրողին հենց դա է պետք։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մեզ ոչ թե մեր իմացածն են ասում, այլ այն, ինչ չգիտենք, այն ապագան են ցույց տալիս, որ պետք է»,- ՀՊՏՀ Change Lab-ում իրականացվող դասընթացի վերաբերյալ ասում է Վաչեն։

Նրա խոսքով՝ աքսելերացիոն ծրագիրը մասնակիցներին բավական գիտելիք է տվել տարբեր ոլորտների մասին՝ ֆինանսներ, բրենդինգ, մարքեթինգ, շնորհանդեսային հմտություններ, հեղինակային իրավունքի խնդիրներ, բաժնետիրական կառավարում և, բացի դրանից, արդյունավետ համագործակցություն է ձևավորվել մասնակից ստարտափների միջև։