Ձեր հաջողության պատմությունը կարող է ոգեշնչել մեր ուսանողներին․ ՀՊՏՀ-ն և gg ընկերությունը հուշագիր ստորագրեցին

20.04.2022
Դիտումների քանակ՝ 1454

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գործընկերների ընտանիքը համալրվեց. այսօր ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը և gg ընկերության տնօրեն Քնարիկ Գրիգորյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որը նախատեսում է ուսանողների փորձառության, աշխատանքի տեղավորման հնարավորություն, վարպետության դասերի կազմակերպում։ Հանդիպմանը ներկա էին ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, կարիերայի կենտրոնի պետ Տաթև Վարդանյանը, ընկերության գործառնական տնօրեն Հայկազ Աղայանը և Առաջին բիզնես դպրոցի տնօրեն Ծովինար Սարգսյանը: Ի դեպ՝ այս համագործակցությունը կայացավ վերջինիս անմիջական մասնակցությամբ։

Դիանա Գալոյանը, ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով Ծովինար Սարգսյանին համագործակցությանն աջակցելու համար, ներկայացրեց ՀՊՏՀ–աշխատաշուկա կապերի ամրապնդման աշխատանքները և նշեց, որ Տնտեսագիտական մայր բուհը սերտորեն համագործակցում է գործատուների հետ։ «Տնտեսագիտական համալսարանում բարեփոխումների շրջան է, մեծ ուշադրություն է դարձվում գործընկերային հարաբերություններին, ուսանողներին գործնական հմտությունների փոխանցմանը, ինչի նպատակով էլ ստեղծել ենք Change Lab-ը։ Կարծում եմ՝ ձեր հաջողության պատմությունը կարող է ոգեշնչել մեր ուսանողներին»,- ասաց ՀՊՏՀ ռեկտորը՝ հավելելով, որ բուհը բաց է համագործակցության համար։

Ընկերության գործառնական տնօրեն Հայկազ Աղայանը, որը ՀՊՏՀ «Բիզնեսի կազմակերպում» մասնագիտության 2016 թ․ շրջանավարտ է, շեշտեց, որ gg-ում հայտնվելու և կայանալու իր հաջողության պատմության կերտման գործում մեծ է հարազատ համալսարանի, դասախոսական կազմի աջակցությունը։ «Այն հանգամանքը, որ համալսարանում որպես մարդ և մասնագետ կայանում ես, շատ կարևոր է։ Ես միշտ պատմում եմ իմ պատմությունը, թե ինչպես եմ համալսարանից հայտնվել gg-ում»,- ասաց նա։

ՀՊՏՀ-ի հետ համագործակցության հնարավորություններին անդրադարձավ ընկերության տնօրեն Քնարիկ Գրիգորյանը: Ծովինար Սարգսյանն ընդգծեց՝ ՀՊՏՀ-ում վերջին երեք տարիներին իրականացվում են աննախադեպ աշխատանքներ, ստեղծվում են սովորելու, կայանալու բազում հնարավորություններ:

Արդեն ՀՊՏՀ ուսանողների հետ հանդիպմանը Քնարիկ Գրիգորյանն ու Հայկազ Աղայանը հիշեցին ընկերության ստեղծման պատմությունը, իրենց առաջին քայլերը ստարտափի իրականացման ճանապարհին, պատմեցին, թե որքան ուժգին էին հավատում այն գաղափարին, որը կարճ ժամանակ անց իսկական հեղափոխություն էր անելու ուղևորափոխադրման շուկայում։

ՀՊՏՀ ուսանողներին gg-ի երիտասարդ թիմի անդամների խորհուրդը մեկն է՝ ունենալ մեծ երազանքներ, հավատալ դրանց, ուղիներ փնտրել այդ երազանքներին միս ու արյուն տալու համար։ Եվ ամենակարևորը՝ սիրել այն, ինչ անում են։