ՀՊՏՀ դասախոսները՝ Գլոբալ ֆակուլտետային շաբաթի մասնակից
ԵՄ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ, տ․գ․թ․ Զարուհի Մելքումյանը և վիճակագրության ամբիոնի ասիստենտ Աստղիկ Հովհաննիսյանը ապրիլի 24-28-ը Կաունասի տեխնոլոգիական համալսարանի (Լիտվա) տնտեսագիտության և բիզնեսի դպրոցում մասնակցել են «Գլոբալ ֆակուլտետային շաբաթ‒2023»-ին:
Միջազգային ֆակուլտետային շաբաթը համախմբել էր 15 երկրի (Ֆրանսիա, Շվեյցարիա, Չեխիա, Ճապոնիա, Ռումինիա, Հնդկաստան, Էկվադոր, Հունաստան և այլն) 19 պատվիրակների (հիմնականում՝ բուհերի ակադեմիական կազմի անդամներ)։
Վերոնշյալ համալսարանի 1-ին և 3-րդ կուրսի ուսանողների համար Զարուհի Մելքումյանը դասախոսել է «Տնտեսական մրցակցություն» հասկացությունը և գործառույթները, մրցակցության գնահատման չափանիշները» և «Մրցակցային քաղաքականության նպատակները», իսկ Աստղիկ Հովհաննիսյանը 1-ին կուրսի միջազգային ուսանողների համար՝ «Վիճակագրական հետազոտություն և վիճակագրական մտածելակերպ» թեմաներով։ Ինտերակտիվ, բովանդակալից դասախոսություններն ուղեկցվել են մասնագիտական քննարկումներով, արժանացել ունկնդիրների բարձր գնահատականին։
Քննարկումներով ու փորձի փոխանակմամբ լի շաբաթը մասնակիցներին հնարավորություն է տվել ձեռք բերելու նոր գիտելիք և ամուր գործընկերային կապեր հաստատելու տարբեր երկրների ներկայացուցիչների հետ։
ՀՊՏՀ պատվիրակները մասնակցել են բաց դասախոսությունների, միջմշակութային երեկոների և ներկայացրել մեր երկիրն ու համալսարանը, այցելել են Լիտվայի ժամանակակից արվեստի թանգարան, ծանոթացել քաղաքի տեսարժան վայրերին, Կաունասի տեխնոլոգիական համալսարանի ենթակառուցվածքներին, տպավորվել հատկապես գրադարանի հագեցվածությունից և հասանելիությունից։