Գաղափարատոնն ամփոփվեց․ «Մենք հավատում ենք գաղափարի ուժին, ինչպես նաև յուրաքանչյուր ուսանողի ներուժին»

15.12.2023
Դիտումների քանակ՝ 1219

Դեկտեմբերի 14-ին և 15-ին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հեռահաղորդակցության միջազգային միության և Հայաստանի օպերատորների միության համատեղ ջանքերով, մեր համալսարանում տեղի ունեցավ «Ինչպես ստեղծել ձեր սեփական ստարտափը՝ գաղափարից մինչև ներդրումներ ներգրավելը» խորագրով գաղափարատոնը՝ ՀՊՏՀ ուսանողների մասնակցությամբ։

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը․ «ՀՊՏՀ-ն առաջնահերթություն է տալիս ուսանողների շրջանում ձեռներեցության զարգացմանը, և մեր առանցքային առաքելությունն է ստեղծել այնպիսի մշակույթ, որի շնորհիվ ուսանողները կարող են ոչ միայն երազել, այլ նաև այդ երազանքներն իրականություն դարձնել։ Մենք հավատում ենք գաղափարի ուժին, ինչպես նաև յուրաքանչյուր ուսանողի ներուժին` դառնալու բիզնես աշխարհի կարևոր խթանն ու շարժիչը»։

Ուսանողներին ողջունեցին նաև «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ի տնօրեն Քրիստինե Գյոնջյանը․ «Շատ կարևոր նախագծի մեկնարկ է տրվել, որի շնորհիվ ուսանողները ինչ-որ չափով պատրաստ կլինեն այս նոր դարաշրջանին, որտեղ աշխատանքային միջավայրը փոխվել և հարստացել է նոր տեխնոլոգիաներով։ Ուսանողներին այս օրերին մեր մասնագետները ցույց կտան գաղափարի իրականացման ճանապարհի բոլոր փուլերն ու մեթոդները»։

Միջոցառմանը ներկա էր նաև Հեռահաղորդակցության միջազգային միության նախագծերի համակարգող Ֆարիդ Նախլին․ «Մեր այստեղ գտնվելու հիմնական նպատակն է հնարավորություն տալ երիտասարդ փորձագետներին՝ իրենց աշխատանքային փորձն ու գիտելիքները փոխանցելու ուսանողներին, սովորեցնելու ստարտափներ ստեղծել, կյանքի կոչել բիզնես գաղափարներ, ձևավորել մրցունակ ընկերություն և դառնալ ցանկալի գործատու»։

Այս երկու օրերին Future Laboratory-ի հիմնադիր Իրակլի Քաշիբաձեն, Startup Central Eurasia Platform-ի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Նաստասյա Լահուցիկը, Future Laboratory-ի գործադիր տնօրեն Մեդեա Ջանջղավան, Հեռահաղորդակցության միջազգային միության բովանդակության մշակող Յուլիա Տիխոնովան, Startup Central Eurasia-ի վերլուծաբան Մաքսիմ Բուրիանովը դասախոսեցին ուսանողների համար, փոխանցեցին հմտություններ ստարտափ գաղափարների, բիզնես մոդելների մշակման, գաղափարների գեներացման, թիմային աշխատանքների իրականացման վերաբերյալ, անցկացրին վերապատրաստումներ և խորհրդատվություն, ինչը մասնակիցներին օգնեց վերջնական տեսքի բերելու իրենց ստարտափ գաղափարները։

Ուսանողները, ձեռք բերած գիտելիքները ներդնելով սեփական ստարտափ գաղափարների մեջ, այսօր պատշաճ կերպով ելույթ ունեցան հանձնաժողովի առջև, որի կազմում էին «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ տնօրեն Քրիստինե Գյոնջյանը, Future Laboratory-ի գործադիր տնօրեն Մեդեա Ջանջղավան, ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը և շարունակական կրթության բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանը։

Լարված մրցակցության արդյունքում 3-րդ հորիզոնականը գրավեցին միանգամից 2 ստարտափ գաղափարներ՝ TinTub.com-ը և NearEd-ը, 2-րդ հորիզոնականը՝ ReEducate-ը, 1-ին պատվավոր հորիզոնականը՝ CaseCrafters-ը։

Հաղթող գաղափարների հեղինակներն ստացան դրամական պարգևներ՝ համապատասխանաբար 500, 400 և 300 ԱՄՆ դոլար, իսկ բոլոր մասնակիցները՝ մասնակցության հավաստագրեր։

Գաղափարատոնի լուսանկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում։