«Եթե նորից որոշելու լինեի իմ ապագա մասնագիտությունը` կրկին կընտրեի միջազգային տնտեսական հարաբերությունները». շրջանավարտ Սուրեն Մինասյան

Դիտումների քանակ՝ 6780

Սիրելի′ դիմորդներ, «Շրջանավարտը` դիմորդին» խորագրի հերթական նյութում ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը, որը ժողեցիներն անվանում են նաև ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետ: Մագիստրատուրայի գերազանցիկ շրջանավարտ Սուրեն Մինասյանը կպատմի, թե ինչու ընտրել ՀՊՏՀ-ն ու ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետը:

«Ողջո′ւյն,  սիրելի՛ դիմորդ կամ ապագա՛ «ժողեցի»․․․

Վերհիշելով ինձ քո կարգավիճակում դեռևս մի քանի տարի առաջ`   կփորձեմ կիսվել մասնագիտության ընտրության այնպիսի կարևոր խոհերով, որոնք ձևավորել եմ բակալավրիատում և մագիստրատուրայում ուսումնառությանս տարիներին։՝

Մասնագիտության ընտրությունն իսկապես ապագայիդ կարևորագույն քայլերից է, պետք է հիշել, որ հնարավորությունների և տեղեկատվության հասանելիության ժամանակաշրջանում, երբ ֆորմալ կրթությունից գուցե առավել կարևորվում է ոչ ֆորմալ և արտահամալսարանական կրթությունը, առաջին մասնագիտության ընտրությունը երբեք չպետք է սահմանափակի որևէ մեկին։ Իսկապես, բարդ է 17-18 տարեկանում ընտրել մի մասնագիտություն, որի հիման վրա կառուցված  ապագա աշխատանքային կարիերան կարող է բավարարել քեզ ամբողջ կյանքում և այն էլ հիմա, երբ օրեցօր փոփոխվում են պահանջարկ վայելող մասնագիտությունները, դրանց շարքում ի հայտ են գալիս նորերը, որոնց մասին նախկինում պատկերացում անգամ չէինք կարող կազմել»,- դիմորդներին ուղղված իր ուղերձում նշում է Սուրենը, ապա ներկայացնում ՀՊՏՀ-ում անցած իր 6-ամյա ճանապարհը:

«Առաջին օրվանից, երբ որոշեցի կառուցել սեփական կարիերաս տնտեսագիտության ոլորտում, առկա տարբերակներից միանգամից ընտրեցի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կողմից առաջարկվող «Միջազգային տնտեսական հարաբերությունները», որը այդ պահին դեռևս «Համաշխարհային տնտեսագիտություն» էր կոչվում։ Բազմաբովանդակ կրթական ծրագիրը ուսումնառությանս առաջին իսկ տարիներից հաստատեց, որ մասնագիտության ընտրության հարցում չեմ սխալվել։ Տարբեր ուղղություններով մշակված առարկաները հնարավորություն էին տալիս ուսումնասիրելու տնտեսագիտության տեսությունից մինչև մակրոտնտեսագիտություն, կառավարումից մինչև ֆինանսներ և վիճակագրություն, իսկ հիմնական ուղղությունը՝ միջազգային տնտեսական հարաբերությունները, վերահաստատում էր գլոբալացման արդի պայմաններում ազգային տնտեսությունների միջև կապերի անհրաժեշտությունը` իր առավելություններով ու սահմանափակումներով հանդերձ։ Այն հնարավորություն է տալիս դառնալ տարբեր բնագավառներում մասնագիտացած տնտեսագետ, որը, իր ակադեմիական գիտելիքները համատեղելով յուրաքանչյուր ասպարեզում ձեռք բերվող փորձի հետ, կարող է լինել մրցունակ և որակյալ մասնագետ։ Ընտրածս մասնագիտության արդիականության մեջ համոզվեցի հատկապես «Էրազմուս+» միջազգային ուսանողական շարժունության ծրագրի շրջանակներում գերմանական բուհում անցկացրած կիսամյակի ընթացքում՝ տեսնելով, թե արևմտյան կրթական և գիտական համակարգերում որքան առաջնահերթ են միմյանց փոխկապակցված ու սերտաճած տնտեսությունների ուսումնասիրությունն ու տարածաշրջանային տնտեսական կապերի բացահայտումը»:

Սուրենը անդրադառնում է նաև հայաստանյան կրթական համակարգին` հավաստիացնելով, որ ՀՊՏՀ-ն մրցունակ և որակլյալ կադրեր պատրաստող բուհ է:

«Երբ խոսում են հայաստանյան կրթական համակարգի թերություններից, դրանց շարքում առաջիններից մեկը, վստահաբար, նշվում է համալսարան-աշխատաշուկա կապի բացակայությունը։ Իմ և համակուրսեցիներիցս շատերի փորձը լավագույնս հերքում է այդ պնդումը, քանի որ հաջողակ ենք եղել այնքանով, որ բուհից աշխատաշուկա ենք «գործուղվել» համալսարանի և հենց մեր դասախոսների կապերի, ինչպես նաև ուսումնառության տարիներին տարբեր ընկերություններ ու կազմակերպություններ կատարած այցերի շնորհիվ։

Ցանկացած վայրում, որտեղ էլ լինենք, մեծապես կարևորում ենք մարդկային հարաբերությունները, իսկ մոտիվացիայի և ոգեշնչվելու տեսանկյունից՝ միջավայրը,  որտեղ սովորում կամ աշխատում ենք: ՀՊՏՀ-ն այս առումով ևս օրինակելի է: Իհարկե, ինչպես ամեն ոլորտում, այնպես էլ մեր կրթական համակարգում,  կան թերություններ, որոնք հեշտությամբ հարթվում են, քանի որ նպատակն արժեքային է` ստանալ որակյալ կրթություն: Դրան նպաստում են դասախոս-ուսանող առողջ հարաբերությունները,ջերմ կրթական միջավայրը: Դասախոսները ուղղակիորեն, թե անուղղակիորեն, բացահայտում են նոր ու հետաքրքիր երևույթներ, առաջացնում հարցեր, որոնց պատասխանները գտնելը դառնում է առօրյայիդ մի մասը և ակամայից ուղղորդում քեզ ինքնակրթություն կոչվող անծայրածիր աշխարհ: Առավելագույնին ձգտելու համար պետք է ինքնակրթվել, իսկ դա հեշտանում է այնքանով, որքանով վստահ ես` հարցերի դեպքում համալսարանում ունես դասախոսներ, որոնք հասանելի են ամեն պահի և պատրաստակամ են  կիսելու քո հետաքրքրությունները ու տալու քեզ հետաքրքրող ամենատարբեր հարցերի պատասխանները:

Եվ հիմա, երբ հետ եմ նայում ուսանողական վեց տարեկան պատմությանս, արժևորում ձեռքբերումներս ու քաղած դասերս, վերստին համոզվում եմ, որ ընտրության հարցում չեմ սխալվել և ․․․եթե հնարավորություն ունենայի՝ լինելու քո տեղում և նորից որոշելու իմ ապագա մասնագիտությունը` կրկին կընտրեի միջազգային տնտեսական հարաբերությունները և յուրաքանչյուրիդ կասեի՝ արի′ժող»։

Նշենք, որ 2018թ. հունվարից Սուրեն Մինասյանն աշխատում է ՀՀ ֆինանսների նախարարությունում,միջազգային համագործակցության վարչության մասնագետ է: Գերազանց տիրապետում է անգլերեն, ռուսերեն լեզուներին, Գերմանիայում ուսումնառելուց հետո սովորում է նաև գերմաներեն: 2013-2015 թթ. ծառայել է Հայոց բանակում: 2017-2018 ուստարում Միքայել Քոթանյանի անվանական կրթաթոշակ է ստացել, 2019թ. հաղթող է դարձել «ՀՊՏՀ լավագույն ուսանող» մրցույթում:

Ահա թե ինչպիսին են ՀՊՏՀ լավագույն սաները` օրինակելի ու առաջավոր`  ամեն ինչում:

Սուրենը չի պատրաստվում հեռանալ ՀՊՏՀ-ից, նա  որոշել է սովորել ասպիրանտուրայում: Սիրելի′ դիմորդ, ասում էինք չէ՞, որ ՀՊՏՀ-ից հեռանալը հեշտ չէ, որովհետև այն ընդմիշտ հարազատ ու սիրելի է դառնում…

Շարունակելի …

Հ.Գ. ՀՊՏՀ մյուս ֆակուլտետների և մասնագիտությունների մասին մեր շրջանավարտները կխոսեն առաջիկայում: Խորագրի առաջին նյութին, որը մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի և մարքեթինգ մասնագիտության մասին էր, ծանոթացեք այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին