ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում ավարտվել է մագիստրանտների ամփոփիչ ատեստավորման շնորհանդեսը

Դիտումների քանակ՝ 2376

Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում երեկ՝ հունիսի 2-ին, ամփոփվել է «Տնտեսամաթեմատիկական մեթոդներ և մոդելները տնտեսագիտության մեջ» մասնագիտության առկա մագիստրատուրայի մագիստրոսական թեզերի պաշտպանությունը: Գործընթացն անցել է լավ, ֆակուլտետի դեկան Սոս Խաչիկյանը տպավորված է:

«Հարկ է նշել, որ ամբողջ խումբը՝ 15 շրջանավարտներ, երկու տարի առաջ ձևավորվել էր նույն ֆակուլտետի «Տնտեսամաթեմատիկական մեթոդներ» և «Տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգեր» ամբիոնների բարձր առաջադիմությամբ  շրջանավարտներից, ովքեր այս փուլում ցուցաբերեցին մեծ պատասխանատվություն, և 15 շրջանավարտներից 14-ը ստացան գերազանց գնահատականներ: Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահ Ա. Առաքելյանը և հանձնաժողովի անդամ Ա. Պետրոսյանը, համագործակցելով տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ Աշոտ Թավադյանի և ամբիոնի դոցենտ Ելենա Մանուկյանի հետ, կարողացան շրջանավարտների համար ոչ միայն ապահովել արդյունավետ քննարկումների և ինքնադրսևորման միջավայր, այլև իրենց խորհուրդներով նպաստեցին նրանց մասնագիտական հետագա գործունեության բարելավմանը»,- լրատվության և հասարակայնույան հետ կապերի բաժնին հայտնեց ֆակուլտետի դեկանը:

Նրա փոխանցմամբ, ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, շնորհավորելով շրջանավարտներին բարեհաջող ավարտելու կապակցությամբ, իր խոսքում ընդգծել է տնտեսագիտական կրթության մեջ մաթեմատիկական մոդելավորման դերը՝ այդ համատեքստում անդրադառնալով տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի մասնագիտական ներուժին:

«Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում մագիստրոսի կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման գործընթացը բարեհաջող կազմակերպելու համար մեծ էր նաև ՀՊՏՀ էլեկտրոնային սարքավորումների սպասարկման և ծրագրային ապահովման ստորաբաժանման ղեկավար Սամվել Հովհաննիսյանի և ամբողջ անձնակազմի դերը, ովքեր կարողացան ապահովել  հատուկ ստեղծված և բոլորովին վերջերս գործարկված էլեկտրոնային հարթակի անխափան աշխատանքը»,- ասաց Սոս Խաչիկյանը՝ շնորհավորելով բոլոր շրջանավարտներին և շնորհակալություն հայտնելով ամփոփիչ ատեստավորման գործընթացի բոլոր մասնակիցներին:

Հավելենք, որ առաջիկա օրերին  մենք առավել ընդգրկուն կներկայացնենք ամփոփիչ ատեստավորման գործընթացը ՀՊՏՀ-ում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին