«Ինեկոլաբ» ծրագիրը ներկայացվեց ՀՊՏՀ ավարտական կուրսերի ուսանողներին

Դիտումների քանակ՝ 1608

ՀՊՏՀ բանկային գործի և ապահովագրության ամբիոնը շարունակում է ուսանողամետ նախաձեռնությունը, որի շրջանակում ֆինանսական ֆակուլտետ են այցելում հայաստանյան առաջատար բանկերի և ապահովագրական ընկերությունների աշխատակիցներն ու ավագ կուրսերի ուսանողներին առաջարկում փորձառության ծրագրեր, որոնք էլ իրենց հերթին կամուրջ են դառնում դեպի վերոնշյալ կազմակերպություններ և մեր ուսանողներին հնարավորություն տալիս կազմակերպությունների աշխատանքային թիմին միանալու, մասնագիտական աշխատանքի անցնելու:

Այսօր ՀՊՏՀ հյուրերն էին Ինեկոբանկի տաղանդների ներգրավման և ինտեգրման ավագ մասնագետ Էլինա Ստեփանյանը և վերապատրաստումների և մասնագիտական զարգացման բաժնի ավագ մասնագետ Արփինե Բարսեղյանը: Հանդիպմանը ներկա էին վերոնշյալ ամբիոնի վարիչի ժ/պ Աշոտ Մարդոյանը, ամբիոնի դասախոսներ, ֆինանսներ մասնագիտության 3-4-րդ կուրսերի ուսանողները, բանկային գործունեության կազմակերպում մասնագիտացման մագիստրանտները:

Բանկի ներկայացուցիչները խոսեցին Ինեկոբանկի գործունեության մասին, ապա ներկայացրին ուսանողական «Ինեկոլաբ» ծրագիրը, որը վերապատրաստում է երիտասարդներին և լավագույններին բանկում աշխատանք առաջարկում:

asue.am-ի հետ զրույցում Աշոտ Մարդոյանն ասաց, որ սա այս կիսամյակում թվով 2-րդ բանկն էր, որ հյուրընկալում ենք, առաջիկայում մեզ կայցելեն Արդշինբանկի աշխատակիցները, ավելի ուշ՝ ապահովագրական ընկերությունները:

«Ինչպես տեսնում եք, ուսանողները հետաքրքրված են բանկային ոլորտի աշխատանքով: Միջոցառման նպատակն է նորավարտների մուտքը աշխատաշուկա դարձնել դյուրին, աջակցել ու խրախուսել ուսանողությանը՝ մասնագիտական աշխատանքի փնտրտուքի ճանապարհին»,-ասաց ամբիոնի ղեկավարը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին