Միջազգային աշխատաժողով ՀՊՏՀ-ում
Մայիսի 11-ին և 12-ին ՀՊՏՀ-ն հյուրընկալեց «Գյուղատնտեսության և սննդի արտադրության ոլորտում կայունության անցումների հիմնական մարտահրավերների քարտեզագրում դեպի ավելի մեծ ինքնավարություն Հայաստանում և նրա սահմաններից դուրս» (Mapping key challenges to sustainability transitions in agriculture and food production towards greater autonomy in Armenia and beyond) աշխատաժողովը: Այն կազմակերպվել էր ՀՊՏՀ-ի, ՀԱԱՀ-ի և շվեդական Սյոդերթյորնի համալսարանի կողմից՝ Բալթյան և Արևելյան Եվրոպայի հետազոտությունների հիմնադրամի ֆինանսավորմամբ:
Աշխատաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը։ Տնտեսագիտական համալսարանը ներկայացնելով ուսումնական, գիտակրթական, միջազգայնացման, ենթակառուցվածքների ապահովման և այլ ուղղություններով՝ ռեկտորը հանգամանալից խոսեց միջազգային ծրագրերի իրականացման արդյունավետ փորձի մասին, որում տեղ ունեն աշխարհի առաջատար բուհերի և հեղինակավոր կառույցների հետ համագործակցության հաջողված բազմաթիվ օրինակներ։ Ռեկտորի խոսքով՝ բուհը հետևողական ջանքեր է գործադրում ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների ծրագրերում, կրթական և գիտական բաղադրիչ ունեցող նախագծերում իր ներգրավվածությունը բարձրացնելու ուղղությամբ։
Շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության և աշխատաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ Սյոդերթյորնի համալսարանի պրոֆեսոր Բյորն Հասլերը հույս հայտնեց, որ հնչած ելույթները, քննարկումները, մտքերի փոխանակությունը օգտակար կլինեն շահագրգիռ կողմերի համար։
Աշխատաժողովում հնչեցին տասնյակ ելույթներ, այդ թվում՝ ՀԱԱՀ-ի, Օսլոյի և Սյոդերթյորնի համալսարանների, ICARE կազմակերպության ներկայացուցիչների զեկուցումները։ ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ Սամվել Ավետիսյանը հանդես եկավ «Հայաստանի ագրարային ոլորտի թվայնացումը և գյուղական համայնքներում «խելացի կենտրոնների» զարգացումը» (Digitalization of the Agricultural Sector in Armenia and the Development of Smart Centers in Rural Areas) թեմայով։ Զեկուցմամբ ներկայացավ նաև «Կոմպաս» հետազոտական կենտրոնի տնօրեն, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի դասախոս Ղարիբ Հարությունյանը։
Աշխատաժողովի ավարտից հետո հյուրերն այցելեցին ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոն, միջազգային կապերի բաժին, քննարկեցին առկա ծրագրերի ընդլայնման և համատեղ հետազոտությունների իրականացման հնարավորությունները՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել փոխգործակցությունը Տնտեսագիտական համալսարանի հետ։