ՀՊՏՀ-ում կրկին «Բաց դռների օր» էր

15.12.2021
Դիտումների քանակ՝ 985

Այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում «Բաց դռների օր» էր։ Ինչո՞ւ դառնալ տնտեսագետ, ինչպիսի՞ կրթություն է առաջարկում ՀՊՏՀ-ն, ի՞նչ մասնագիտություններ կան համալսարանում, և որքանո՞վ են առաջարկվող գիտելիքները համապատասխանում գործատուի պահանջներին։ Այս հարցերի պատասխանները տրվեցին ՀՊՏՀ մեծ հանդիսասրահում, որտեղ հավաքվել էին Ձորաղբյուր գյուղի դպրոցի, Արմավիր քաղաքի պետական քոլեջի, Հրազդան և Վաղարշապատ քաղաքների դպրոցների, Հայ-հունական քոլեջի յոթ տասնյակից ավելի աշակերտները։ Մինչ միջոցառման սկիզբն ազդարարելը, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքին իրենց կյանքը նվիրած հերոս հայորդիների հիշատակը:

«Չափազանց կարևոր է մասնագիտական ընտրությունը, իսկ եթե որոշել եք ձեռք բերել տնտեսագետի մասնագիտություն, ապա լավագույն տարբերակը Հայաստանում տնտեսագիտական կրթություն ապահովող մայր բուհն ընտրելն է»,–ապագա դիմորդներին իր խոսքն ուղղեց ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը: Նա ընդգծեց, որ Տնտեսագիտական բուհն ուսանողներին ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության բազում հնարավորություններ է տալիս։

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի անդամները մեկ առ մեկ ներկայացրին բուհում գործող ֆակուլտետներն ու մասնագիտությունները՝ մասնակիցներին համակողմանի տեղեկություններ փոխանցելով ուսումնառության, ընդունելության կարգի, գործող արտոնությունների, զեղչերի, կամավորական աշխատանքի, ակտիվ ուսանողական կյանքի մասին։ Ուսանողական խորհրդի գործունեությունն արտացոլող հոլովակի միջոցով ապագա դիմորդները ծանոթացան ՀՊՏՀ-ականների առօրյային և ուսանողական կյանքի ամենավառ կողմերին։ Ուսանողները հենց դահլիճում կազմակերպեցին տնտեսագիտական ինտերակտիվ խաղ-վիկտորինա, որի 10 լավագույն մասնակիցներին հանձնեցին խորհրդանշական նվերներ։ Դահլիճային հանդիպումից հետո աշակերտները շրջայց կատարեցին բուհում, եղան տարբեր մասնաշենքերում, ծանոթացան բուհի ենթակառուցվածքներին և նյութատեխնիկական հնարավորություններին։

Ապագա դիմորդները բուհից հեռացան վառ տպավորություններով և իրենց որոշումներում առավել քան վստահ՝ դիմել հենց Տնտեսագիտական համալսարան: