ՀՊՏՀ-ականները՝ 7-րդ հայ-ռուսական երիտասարդական համաժողովի մասնակից

16.12.2021
Դիտումների քանակ՝ 1391

2021 թվականի դեկտեմբերի 8-11-ը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում, Ն. Է. Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանում տեղի է ունեցել 7-րդ հայ-ռուսական երիտասարդական համաժողովը:

Հայկական կողմից hամաժողովին մասնակցել են հայաստանյան բուհերը ներկայացնող 25 երիտասարդներ: Հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը համաժողովի բացմանը հանդես է եկել առցանց ելույթով:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ներկայացնելու համար ընտրվել և հայաստանյան պատվիրակության կազմում Մոսկվա են մեկնել տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Ենգիբարյանը, ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Միլանա Հուսիկյանը, ֆինանսական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Սոնա Պետրոսյանը և ֆինանսների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Մարտիկ Պետրոսյանը:

Մեր համալսարանի պատվիրակների խոսքով՝ համաժողովն անցել է հագեցած օրակարգով, ուղեկցվել մշակութային և ճանաչողական հարուստ ծրագրով, անցկացվել են վարպետության դասեր: ՀՊՏՀ-ականները հնարավորություն են ստացել ռուսաստանյան բուհական բազմազգ համայնքին ներկայացնելու հայաստանյան տնտեսագիտական մայր համալսարանը՝ ուսումնական ծրագրերը, միջազգային կապերը, ուսանողական առօրյան և բուհի կառուցվածքը, այս ամենը՝ իր ամբողջ գրավչությամբ ու առանձնահատկություններով, ինչպես նաև քննարկել են բուհական համագործակցության հնարավորություններ և հեռանկարներ:

Սոնա Պետրոսյանի և Մարտիկ Պետրոսյանի տեսանկյունից՝ քառօրյա համաժողովը հնարավորություն է ստեղծել ծանոթություններ հաստատելու, շփվելու և կապեր ձևավորելու, գաղափարներ և փորձ փոխանակելու, ինչը հետագա փոխշահավետ համագործակցության կարևոր նախադրյալ է: