«Տնտեսագետը» ձեզ հետ է. հունվար-փետրվարյան համարը կարդացեք առցանց
Սիրելի՛ ընթերցող, այցելու, սիրով ձեզ ենք ներկայացնում «Տնտեսագետի»` 2020 թվականի առաջին համարը: Հուսով ենք` այն ձեզ դուր կգա և այս դժվարին օրերին կլրացնի ձեր ժամանցը ընթերցանության հաճելի ակնթարթներով:
Ամսագիրը, ավանդույթի համաձայն, սկսվում է պաշտոնական լրատվությամբ. լուսաբանված են ՀՊՏՀ կառավարման մարմինների գործունությունը, որոշումները: Համարը հագեցած է ՀՊՏՀ 45-ամյակին նվիրված հոդվածներով, տարեգրության վավերացմամբ, արխիվային լուսանկարներով: Հեղինակային նյութերով են հանդես գալիս պրոֆեսոր, ՀՊՏՀ ամբիոնի պատվավոր վարիչ Արամ Սարգսյանը և ՀՊՏՀ ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Անահիտ Թամրազյանը:
ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-ամյակի առիթով ամսագրի հարթակում են զորացրված ու զինակոչիկ ուսանողները, ինչպես նաև իրենց խոհերն են արտահայտում «ՀՊՏՀ լավագույն ուսանող» կոչմանն արժանացած Սուրեն Մինասյանը, Էդգար Բադալյանը, Մերի Նիկոլայանը, Ժորա Ստեփանյանը, Գագիկ Հակոբյանը, Անուշ Իսոյանը: Դոցենտ Սամվել Գրիգորյանի հեղինակային «Տնտեսական խճանկարը», ինչպես միշտ, բազմազան է, բովանդակալից ու հետաքրքրական: ՀՊՏՀ նախկին ուսանող Սերյոժա Ավետիսյանի անդրադարձը յուրատեսակ բացահայտումն է ՍԻՐՈ հոգևոր բովանդակության:
Բուհական իրադարձությունների շարքում առանձին անդրադարձներ կան ամբիոնային սեմինարներին, գիտական խորհրդի նիստին, ՈՒԳԸ նստաշրջանին, ՀՊՏՀ նոր պարբերականի՝ «Ամբերդ» տեղեկագրի ստեղծմանը, «Էրազմուս+» ծրագրին:
ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը, իրենց բնորոշ ոճով և ինքնատիպությամբ, շարունակում են ներկայացնել Լենա Հովհաննիսյանը և Արփինե Մխիթարյանը: Մեր ուսանողները նաև ստեղծագործում են. տարբեր խորագրերում ընթերցողը կարող է ծանոթանալ Դավիթ Ալավերդյանի և Մանե Խաչատրյանի, ինչպես Աստղիկ Նիկողոսյանի և Մելինե Աբրահամյանի գրական փորձերին:
«Վարքուբարք» խորագիրը համացանցի և կենդանի շփման միջև ընտրության մասին է, «Մարզականը»՝ «ՀՊՏՀ դասախոսական գավաթ–2020»-ի և մեր ուսանողների մարզական հաջողությունների: «Լրահոս»-ը, ինչպես միշտ, խտացված և հակիրճ ամփոփում է համալսարանական կարևոր իրադարձությունները: Այսպիսով, «Տնտեսագետի» 2020 թ. հունվար-փետրվարյան էլեկտրոնային համարի ամբողջական բովանդակությանը կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am)՝ հետևյալ հղումով։
Սիրելի՛ բարեկամներ, հուսով ենք՝ ստեղծված իրավիճակը շուտով կստանա դրական հանգուցալուծում, կվերադառնանք մեր բնականոն աշխատանքին ու կենսակերպին, ինչպես նաև կունենանք «Տնտեսագետի» տպագիր տարբերակը:
Մաղթում ենք ձեզ առողջություն և տոկունություն, բարին ընդ ձեզ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին