ՀՊՏՀ ուսանողների համար KPMG Armenia-ն անցկացրեց երկօրյա անվճար դասընթաց

28.03.2024
Դիտումների քանակ՝ 493

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և KPMG Armenia ընկերության համագործակցության շրջանակներում մարտի 27-ին և 28-ին ՀՊՏՀ ուսանողների համար KPMG Armenia-ն անցկացրեց հերթական անվճար դասընթացը։ Հիշեցնենք, որ այս համագործակցությունը շարունակական է, և անցյալ տարի նույնպես ընկերությունը ՀՊՏՀ ուսանողների համար հանդես է եկել նման նախաձեռնությամբ։

Մեկնարկին մասնակիցներին ողջունեց ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ Արմեն Գրիգորյանը՝ ընդգծելով, որ մարդու՝ գիտելիք և հմտություն ձեռք բերելու գիտակցված ընտրությունը կարևոր է, և հաճելի է տեսնել, որ մեր ուսանողներն այդ գաղափարի կրողներն են։ Անդրադառնալով KPMG Armenia ընկերության հետ համագործակցությանը՝ Արմեն Գրիգորյանը նշեց, որ ՀՊՏՀ-ն կարևորում է Big Four-ի անդամ կազմակերպություններից մեկի հայաստանյան ներկայացուցչի հետ համագործակցությունը և վստահ է, որ այն շարունակվելու է նույն արդյունավետությամբ։ «Ամենևին չնսեմացնելով բուհի կողմից տրվող գիտելիքը՝ վստահություն եմ հայտնում, որ այս կարճ դասընթացին ձեռք բերած կարողությունները չափազանց արժեքավոր են և պիտանի կլինեն ձեզ»,- ուսանողներին ասաց բուհի ղեկավարը։

Ուսանողներին ողջունեց KPMG Armenia ընկերության ՄՌԿ բաժնի ղեկավար Սոնա Մարտիրոսյանը․ «Շատ կարևոր է, երբ նորավարտ ուսանողները, գիտելիքով զինված, մտնում են աշխատաշուկա։ Տնտեսագիտական համալսարանը գիտելիքահեն է և այդ առիթով շնորհակալություն եմ հայտնում ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմին, ձեզ, որ կարողանում եք յուրացնել նոր գիտելիք և շարունակել անել ավելին»։

Երկօրյա դասընթացին ուսանողները ծանոթացան աուդիտի, հարկային և բիզնես խորհրդատվության ոլորտում գործունեություն ծավալող KPMG Armenia ընկերության գործունեությանը, տեղեկացան, որ աշխարհի 143 երկրում գրասենյակներ ունեցող ընկերության հայաստանյան գրասենյակը բացվել է 1997 թվականին, լսեցին KPMG Armenia ընկերության ՄՌԿ բաժնի ավագ մասնագետ Անի Գևորգյանի «Աշխատանքային հնարավորություններ KPMG Armenia ընկերությունում», ընկերության մենեջերներ Պերճուհի Գրիգորյանի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության հիմնական դրույթները», Հովսեփ Մելքոնյանի «Աուդիտորները՝ վստահելի խորհրդատուներ»  թեմաներով դասախոսությունները։

Միջոցառման մյուս լուսանկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում։