Ուսում Ֆրանսիայում. ինչու և ինչպես հարցերի պատասխանները՝ ՀՊՏՀ-ում կայացած հանդիպմանը

Դիտումների քանակ՝ 1793

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը համալսարանում պարբերաբար տեղեկատվական հանդիպումներ է կազմակերպում, որի ընթացքում արտերկրում ուսումը շարունակել ցանկացող ուսանողները հնարավորություն են ստանում պատասխանատու անձանցից ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Նույն նպատակն էր հետապնդում այսօր տեղի ունեցած միջոցառումը. ուսանողների հյուրն էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համալսարանների, տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության համագործակցության հարցերի կցորդ Շարլոտ Վենեման: Ներկա էր արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը, բաժնի գլխավոր մասնագետ Մարգարիտ Մարուքյանը:

Դեսպանատան ներկայացուցիչը լսարանին ամփոփ տեղեկություններ հաղորդեց Ֆրանսիայի բուհական կրթական համակարգի վերաբերյալ, մասնավորապես պարզաբանեց օտարերկրացի ուսանողներին տրամադրվող կրթաթոշակներին, առաջատար բուհերին, բակալավրական, մագիստրոսական ու ասպիրանտական կրթության առանձնահատկություններին, կեցությանն ու վիզա ստանալու ընթացակարգերին առնչվող հարցեր:

Ֆրանսերենին և անգլերենին տիրապետող ուսանողներն ուղղեցին իրենց հարցերը և ստացան անհրաժեշտ խորհրդատվություն: Ինչպես նշեց Շարլոտ Վենեման՝ Ֆրանսիայում ակադեմիական կրթություն ստանալ ցանկացողները օգտակար տեղեկություններ կարող են գտնել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության պաշտոնական կայքում՝ https://am.ambafrance.org/ :

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին