ՀՊՏՀ աշխատակիցը դասախոսել է Ժեշուվի համալսարանում

10.06.2024
Դիտումների քանակ՝ 624

2024 թ․ հունիսի 3-7-ը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Ժեշուվի համալսարան (Լեհաստան) է այցելել ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող, բիզնես վարչարարության ամբիոնի դոցենտ, տ․գ․թ․ Գայանե Թովմասյանը։

Փորձի փոխանակման նպատակով նա ծանոթացել է համալսարանի տարբեր ստորաբաժանումների գործունեությանը։ Այցի ընթացքում նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել համատեղ հետազոտական աշխատանքներ իրականացնելու շուրջ։

Գայանե Թովմասյանը «Զբոսաշրջություն» կրթական ծրագրի ուսանողների համար դասախոսել է «Զբոսաշրջության զարգացման միտումներն աշխարհում», «Զբոսաշրջության դրական և բացասական կողմերը և կայուն զբոսաշրջության զարգացման անհրաժեշտությունը», «Կանաչ սերտիֆիկատները և էկոպիտակները զբոսաշրջային բիզնեսում», «Խելացի տեխնոլոգիաների կիրառումը զբոսաշրջության ոլորտում» թեմաներով։ Նա ուսանողներին է ներկայացրել նաև Հայաստանի և մեր համալսարանի մասին հակիրճ տեղեկություն՝ հատկապես ընդգծելով մեր երկրի զբոսաշրջային գրավչությունն ու պատմամշակութային ժառանգությունը։

Ըստ Գայանե Թովմասյանի՝ փոխանակային ծրագիրը ծառայել է որպես նոր ծանոթությունների, մտքերի ու գաղափարների փոխանակման, փորձի ձեռքբերման հիանալի հնարավորություն, որը դրական ազդեցություն կունենա ՀՊՏՀ-ում հետազոտական և կրթական գործընթացի բարելավման, միջազգային համագործակցության ընդլայնման վրա։

Մյուս լուսանկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում