ՀՊՏՀ-ականների համար բանախոսեց բրիտանական համալսարանի դասախոսը

Դիտումների քանակ՝ 1304

Տնտեսագիտական մայր բուհի ուսանողների համար այսօր գիտության և ասպիրանտուրայի բաժինը կազմակերպել էր արտալսարանային դաս, որը վարեց ՈՒՄԵՖ-ՀՊՏՀ համատեղ մագիստրոսական ծրագրի դասավանդող, Մեծ Բրիտանիայի Գլինդվեր համալսարանի դասախոս Յան Գրինը: Հյուրին ողջունեց և լսարանին ներկայացրեց ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը: Պրոռեկտորը համագործակցության առիթով իր ուրախությունը հայտնեց բրիտանացի դասախոսին, ապա վստահեցրեց, որ ուսանողները կփորձեն յուրացնել հաղորդվող գիտելիքը և անկաշկանդ կուղղեն իրենց հարցերը: Հանդիպմանը ներկա էին գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, նույն բաժնի աշխատակից Գայանե Մուրադյանը, կառավարման ամբիոնի վարիչի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը, դասախոս Լիլիթ Գյուլգյուլյանը:
Թեման հետաքրքրական էր՝ «Ռազմավարական մտածելակերպի տարրերը» ("Elements of Strategic thinking"): Յան Գրինը դիտարկեց մարդկային մտածելակերպի տեսակները և հենց այդ բազմազանության մեջ առանձնացրեց ռազմավարական մտածելակերպը: Բանախոսի ձևակերպմամբ՝ սա այն մտածողությունն է, որը կոչ է անում առաջ նայել՝ դասեր քաղելով անցյալից և ունենալով ապագայի տեսլական: Մանրամասն քննարկվեցին ռազմավարական մտածելակերպի տարրերը, որոնցից են օրինակ տարբերվող մտածողությունը, ստեղծագործականությունը: Ընդհանուր առմամբ, դասընթացի նյութը միտված էր ուսանողների մտածողության ընդլայնմանը, ինչպես նաև վերլուծական կարողությունների զարգացմանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին