Բանախոսություն՝ բիզնես նախագծերի մշակման վերաբերյալ

Դիտումների քանակ՝ 1430

Բիզնեսի հիմնադրման, մասնավորապես բիզնես նախագծերի մշակման վերաբերյալ ՀՊՏՀ-ում բազմաբնույթ դասախոսություններ ու հանդիպումներ են կազմակերպվում, որոնք վարում են հրավիրյալ բանախոսներ: Յուրաքանչյուրը հանդես է գալիս հեղինակային խոսքով, ներկայացնում իր հաջողված փորձն ու գործնական խորհուրդներ հղում ուսանողներին: Հերթական հանդիպումը նախաձեռնել էր մարքեթինգի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Վադիմ Գրիգորյանը՝ այսօր հրավիրելով նախագծերի կառավարման (Project management) մասնագետ, Zipline նախագծի համահիմնադիր Միխաիլ Յուրտաևին:
Ներկա էին ամբիոնի վարիչը, մարքեթինգի ամբիոնի դոցենտ Լիլիթ Դադայանը, ուսանողներ: Անշուշտ, այս հանդիպումն էլ թեմայի շուրջ նոր խոսք լսելու եզակի հնարավորություն էր, և բարելավեց գործարարությամբ զբաղվելու ցանկություն ունեցող ՀՊՏՀ-ականների գիտելիքները: Յուրտաևը առանձնացրեց գրագետ բիզնես նախագիծ մշակելու գործընթացում կարևոր քայլերը, շեշտադրեց, որ միշտ պետք է նկատի առնել մի բան, որն էլ կդառնա շուկայում տվյալ բիզնեսի այցեքարտը: Բանախոսը հորդորեց հիշել, որ թեև կան նախագծեր կազմելու մասնագիտական հստակ մոտեցումներ, այնուամենայնիվ, տարբերվող լինելու համար հարցին պետք է ստեղծագործաբար, որպես հեղինակ մոտենալ: Հանդիպման ընթացքում նախագծերի կառավարման մասնագետը պատասխանեց ներկաների հարցերին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին