ՀՊՏՀ դասախոսը՝ Կվիձինի Պովիսլանսկի համալսարանում
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների ամբիոնի դոցենտ, տ․գ․թ․ Մարե Խաչատրյանը «Էրազմուս+»-ի միջազգային շարժունության ծրագրի շրջանակում մայիսի 16-20-ը Կվիձինի Պովիսլանսկի համալսարանում (Լեհաստան) մասնակցել է միջազգային վերապատրաստման շաբաթի, հանդես եկել դասախոսություններով։
Հիշյալ համալսարանի բակալավրիատի 3-րդ կուրսերի ուսանողների համար Մարե Խաչատրյանը դասախոսել է «Ֆինանսներ», իսկ «Գործարար վարչարարություն» մասնագիտության միջազգային խմբի մագիստրանտների համար՝ «Կորպորատիվ ֆինանսների հիմունքներ» թեմաներով։
Միջազգային վերապատրաստման շաբաթի շրջանակում տարբեր երկրների համալսարաններից ժամանած գիտնական-հետազոտողների հետ ՀՊՏՀ դասախոսը մասնակցել է «Առերեսվելով զարգացմանը» (Faces of Prosperity) 10-րդ միջազգային գիտաժողովին, ինչպես նաև Հայաստանն ու ՀՊՏՀ-ն ներկայացնելու հնարավորություն ունեցել Բարձրագույն կրթության միջազգային 5-րդ տոնավաճառին (5th International Higher Education Fair), որին մասնակցում էր 20 երկրի ավելի քան չորս տասնյակ պատվիրակ։ Ի դեպ, տոնավաճառի ժամանակ Հնդկաստանի, Թունիսի և Սերբիայի համալսարանների ներկայացուցիչները ակտիվ հետաքրքրվածություն են ցուցաբերել ՀՊՏՀ-ի նկատմամբ, հնչեցրել համագործակցության առաջարկներ։
Մարե Խաչատրյանը հանդիպումներ է ունեցել Կվիձինի Պովիսլանսկի համալսարանի զարգացման և համագործակցության գծով պրոռեկտոր Կատարինա Օսուչի, ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Բետա Պավլովսկայի և միջազգային բաժնի՝ «Էրազմուս» ծրագրի համակարգող Պաուլինա Օսուչի հետ։ Քննարկումների ընթացքում գործընկեր համալսարանների ներկայացուցիչները բացահայտել են գիտակրթական, ուսումնական, հետազոտական բնույթի ընդհանուր հետաքրքրություններ ու ծրագրեր՝ երկու բուհերի համար նախանշելով համատեղ գործունեության գրավիչ հեռանկարներ։ Մարե Խաչատրյանը պատրաստակամություն է հայտնել ընդլայնելու համագործակցությունը, իրականացնելու համատեղ հետազոտություններ, սերտացնելու միջմշակութային կապերը։
«Լեհական կողմը էրազմուսյան գործընկերության շրջանակում արդեն իսկ քաջածանոթ ու տպավորված էր մեր բուհի գործունեությամբ, կրթական ծրագրերով, միջազգայնացման գործընթացով ու գիտական ներուժով։ Հաճելի էր լսել նրանց դրական կարծիքը ուսումնառության այս կիսամյակը այնտեղ անցկացնող մեր ուսանողուհու մասին։ Լեհ գործընկերներիս հետ համատեղ գիտական հետազոտություններ կատարելու, փոխայցելություններն ակտիվացնելու պայմանավորվածություններ եմ ձեռք բերել։ Վերջիններս ցանկություն են հայտնել ընդլայնելու ուսանողների շարժունության ծրագրերը՝ գտնելով նաև այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրներ»,- մեզ հետ զրույցում ասաց Մարե Խաչատրյանը։