«Էրազմուս+»-ի շրջանակում ՀՊՏՀ դասախոսներն այցելել են Վառնայի տնտեսագիտական համալսարան

26.05.2023
Դիտումների քանակ՝ 1090

Մայիսի 15-19 ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ասիստենտ Մերի Հովսեփյանը և շարունակական կրթության բաժնի գլխավոր մասնագետ, ֆինանսների ամբիոնի ասիստենտ Ժորա Ստեփանյանը «Էրազմուս+»-ի միջազգային շարժունության ծրագրի շրջանակում այցելել են Վառնայի տնտեսագիտական համալսարան (Բուլղարիա):

Հյուրընկալող համալսարանի տնտեսագիտության դեպարտամենտի պրոֆեսոր, բուհի հետազոտական խմբերից մեկի ղեկավար Կալոյան Կոլևի «Օտարերկրյա ներդրումներ և մասնավոր ձեռներեցություն» առարկայի շրջանակում միջազգային ուսանողների համար Մերի Հովսեփյանը դասախոսել է «Տնտեսական ճգնաժամերի վաղաժամ ազդանշման համակարգերի հնարավորությունները և դերը» թեմայով: ՀՊՏՀ ներկայացուցչի փոխանցմամբ՝ թեման խիստ արդիական էր միջազգային խմբի ուսանողների համար և ԵԱՏՄ երկրներում ճգնաժամերի հնարավոր հետևանքների ու ազդեցությունների վերաբերյալ ակտիվ քննարկումների ծավալման առիթ է տվել։ Մինչ դասախոսությունն սկսելը՝ տեսահոլովակով  ՀՊՏՀ դասախոսը ցուցադրել է Հայաստանը, ներկայացրել ՀՊՏՀ-ն:

Մեր ներկայացուցիչների այցը համընկել է Վառնայի տնտեսագիտական համալսարանի 103-ամյակի հոբելյանական տոնակատարությանը, որին մասնակցել են «Էրազմուս+»-ի շարժունության ծրագրով տվյալ ժամանակահատվածում բուլղարական բուհում գտնվող մի շարք երկրների համալսարանների պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի անդամներ։ Ժորա Ստեփանյանն ու Մերի Հովսեփյանը բազմաթիվ հանդիպումներ են ունեցել և ծանոթություններ հաստատել, մասնավորապես՝ համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել Չեխիայի, Պորտուգալիայի, Հնդկաստանի և Իսպանիայի բուհերի ներկայացուցիչների հետ։ Գործընկեր Վառնայի տնտեսագիտական համալսարանի միջազգային կապերի բաժնի պետի հետ կայացել են մասնագիտական քննարկումներ՝ ուղղված հետագա համագործակցությանը:

Այցի շրջանակում Ժորա Ստեփանյանը հանդիպել է Վառնայի տնտեսագիտական համալսարանի շարունակական կրթության բաժնի պետ Չուդոմիռա Հրիստովայի հետ, ներկայացրել մեր համալսարանը, շարունակական կրթության բաժնի գործունեությունը, ծանոթացել գործընկեր համալսարանի նույնանուն բաժնի աշխատանքներին։ Երկուստեք հնչել են կառուցողական առաջարկություններ՝ լավագույն փորձի փոխանակման նպատակով։

ՀՊՏՀ դասախոսները հանդիպել են նաև «Էրազմուս+»-ի շրջանակում մեկ կիսամյակ Վառնայի համալսարանում ուսումնառող ՀՊՏՀ ուսանողուհի Եվա Մովսիսյանին, ինչպես նաև բուլղարական բուհի հայազգի ուսանող Սուրբիկ Մարդանյանին, ով նախորդ կիսամյակում փոխանակման ծրագրի շրջանակում ուսանել է ՀՊՏՀ-ում։ Վերջիններիս ուղեկցությամբ ՀՊՏՀ ներկայացուցիչներն այցելել են Վառնայում գտնվող հայկական եկեղեցի, Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված հուշակոթող, հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ խոնարհել Շառլ Ազնավուրի հուշարձանին։