Ցվիկաոյի կիրառական գիտությունների համալսարանի դասախոսները «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում այցելեցին ՀՊՏՀ
Եվրոպական Միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում ս.թ. փետրվարի 7-ից 11-ը ՀՊՏՀ էին այցելել Ցվիկաոյի կիրառական գիտությունների համալսարանի (Գերմանիա) ներկայացուցիչներ պրոֆեսոր Քրիստիան-Անդրեաս Շումանը, պրոֆեսոր Քրիստիան Բրաուվեյլերը և Ստեֆան Նոակը։ Նրանց հյուրընկալեց ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, հանդիպմանը ներկա էին արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան Սոս Խաչիկյանը, միջազգային կապերի բաժնի պետ Անժելիկա Մուսայելյանը։ Ռեկտոր Դիանա Գալոյանը նշեց, որ ՀՊՏՀ-ն տարբեր միջազգային ծրագրերի շրջանակներում արդյունավետորեն համագործակցում է Ցվիկաոյի կիրառական գիտությունների համալսարանի հետ, և շատ հաճելի է գործընկեր համալսարանի ներկայացուցիչներին Տնտեսագիտական համալսարանում հյուրընկալելը։ Ռեկտորը ներկայացրեց ՀՊՏՀ գործունեությունը, կրթական և միջազգային ծրագրերը և այս համատեքստում կարևորեց վերոնշյալ համալսարանի հետ իրականացվող «Ասիայում և Կովկասում թվային կրթության միջազգայնացում» (IDEA) ծրագրի շրջանակում կառավարման և ինֆորմատիկայի ոլորտում կրկնակի աստիճանաշնորհման մագիստրոսական կրթական ծրագրի ստեղծման աշխատանքները։ «ՀՊՏՀ ուսանողների թիվը տարեցտարի աճում է, և մենք հավատացած ենք, որ գերմանական համալսարանի հետ իրականացվող կրթական ծրագիրը շատ կհետաքրքրի մեր բուհի ուսանողներին և նրանց կրթության և փորձառության լավ հնարավորություն կընձեռի»,- ասաց Դիանա Գալոյանը։
Հյուրերն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ընդունելության համար՝ նշելով, որ ՀՊՏՀ-ն իրենց կարևոր ռազմավարական գործընկերներից է, իսկ պատրաստվող կրթական ծրագիրը համարեցին լուրջ ձեռքբերում։
Գերմանացի հյուրերը նաև ծանոթացան բուհի հետազոտական կարողություններին և քննարկեցին համագործակցության հեռանկարները գիտության ոլորտում, նրանք պատրաստակամություն հայտնեցին խորացնելու համագործակցությունը, անդրադարձան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող կրթական և միջազգային ծրագրերի հնարավորություններին և հեռանկարներին։ Հյուրերը նաև ընդգծեցին, որ տպավորված են Տնտեսագիտական համալսարանով, գրադարանային ֆոնդի էլեկտրոնային հասանելիությամբ։
Հետագա օրերին ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման, կառավարման, ֆինանսական և ինֆորմատիկայի ու վիճակագրության ֆակուլտետներում Քրիստիան Բրաուվեյլերը, Ստեֆան Նոակը և Քրիստիան-Անդրեաս Շումանը դասախոսեցին համապատասխանաբար հետևյալ թեմաներով՝ «Հաղորդակցության խնդիրները, տվյալների պատկերումն ու տվյալների մեկնաբանումը կամ քաղաքական տերմինաբանության մեջ՝ «կեղծ լուրեր» և «այլընտրանքային փաստեր», «Պայմանագրերը՝ որպես միջոց և օգնություն վարկային պայմանագրերում ռիսկերը նվազեցնելու համար», «Թվային փոխակերպում»։
Ցվիկաոյի կիրառական գիտությունների համալսարանի ներկայացուցիչների հետ քննարկվեցին նաև կրկնակի աստիճանաշնորհման համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի ընթացիկ աշխատանքները և հետագա անելիքները։