Միշկոլցի համալսարանի դասախոսները՝ ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 1326

Միջազգային համագործակցության շրջանակում, մասնավորապես եվրոպական «Էրազմուս+» ծրագրով ընթացիկ շաբաթ ՀՊՏՀ-ում են Միշկոլցի համալսարանի (Հունգարիա) դասախոսներ Պիտեր Շոլտ Սաբոյը և Գաբոր Պոտվորսկին: Նրանք դասախոսություններ են կարդում համապատասխանաբար «Զբոսաշրջության կառավարում» և «Տարածաշրջանային կառավարում» թեմաներով:

Պիտեր Շոլտ Սաբոյը այսօր գործարար վարչարարություն մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսում նշված թեմայի շրջանակում վերլուծեց զբոսաշրջության Հունգարիայի փորձը, պետական ռազմավարության առանցքային դրույթները, տուրիզմի դերը տնտեսության առաջընթացի համատեքստում:

«Տարածաշրջանային կառավարում» խորագրի ներքո Գաբոր Պոտվորսկին էլ այս օրերին ուսանողներին է ներկայացնում Եվրամիության երկրների համագործակցության տնտեսական ասպեկտը:

ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի միջազգային կապերի բաժնի աշխատակից Լիլիթ Մկրտչյանի ուղեկցությամբ Միշկոլցի համալսարանի ներկայացուցիչները շրջել են մեր համալսարանում և ծանոթացել բուհի հետազոտական գործունեությանը, ուսումնական գործընթացին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին