«Let’s Talk». ՀՊՏՀ-ում կազմակերպված միջբուհական աշխատաժողովը հագեցած էր հետաքրքիր բանախոսություններով

Դիտումների քանակ՝ 2048

ՀՊՏՀ-ում նոյեմբերի 23-24-ին տեղի է ունեցել ուսանողական խորհրդի կազմակերպած «Let’s Talk» միջբուհական աշխատաժողովը, որը համախմբեց ՀՀ պետական և ոչ պետական 8 համալսարանների ուսանողների։ Մասնակցել են Հայաստանի պետական տնտեսագիտական, Երևանի պետական, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական,Վ․ Բրյուսովի անվան, Հայաստանի ամերիկյան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանների, Տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի ուսանողները (ընդհանուր թվով՝ 50 ուսանողներ, նախքան աշխատաժողովի մեկնարկը մասնակցության հայտ էր ուղարկել ավելի քան 200-ը):

Ողջույնի խոսքով հանդես են եկել բուհի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, ՈւԽ նախագահ Գոռ Մելիք-Սահակյանը, ՈւԽ ուսումնագիտական հանձնաժողովի նախագահ Արև Մանուկյանը։ Ներկա էին ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը, ռեկտորի խորհրդական Լիլիթ Դադայանը:

Ողջույնի խոսքում Դիանա Գալոյանը նշել է,որ կարևորում է ուսանողական խորհրդի կողմից կազմակերպվող, ոչ ֆորմալ կրթության զարգացմանը նպաստող միջոցառումները։

Աշխատաժողովում տարբեր ոլորտներից հրավիրված մասնագետներ խոսել են հետաքրքրական թեմաների շուրջ: ՀՊՏՀ-ից բանախոսել է մագիստրանտ Ռոզա Գրիգորյանը՝ «Խամաճի՞կ, թե՞ խամաճիկավար» թեմայով, դերասան, ռեժիսոր և արվեստի դպրոցի հիմնադիր Աբել Աբելյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է «Խոսքի ուժը» բանախոսության վրա: «Ինչպե՞ս է արտաքին տեսքն ազդում գործնական և միջանձնային հարաբերությունների վրա» հարցը լուսաբանել է նորաձևության մարքեթինգի մասնագետ, ՀՊՏՀ շրջանավարտ Աննա Սալոմեն: Զեկուցումների շարքը եզրափակել է դերասան Ավո Խալաթյանը՝ «Վախ հանրային ելույթներից» թեմայի շուրջ խոսելով հանրության առջև վստահ և գեղեցիկ ներկայանալու հմտության մասին:

Աշխատաժողովի ընթացքում սառույցի կոտրում վարժություններով ապահովվել է անմիջական մթնոլորտը: Երկու օր շարունակ ընթացող խաղում մասնակիցները ներկայացրել են իրենց պատրաստած պրոյեկտները, մի քանիսը բանախոսել են լսարանին հետաքրքրող թեմաներով։

Մրցանակներ են հանձնվել նաև աչքի ընկած ուսանողներին. Մերի Դավթյանը մրցանակ է ստացել որպես լավագույն մոտիվացիոն նամակի հեղինակ,Գայանե Կուլախյանը ՝ լավագույն ելույթի համար, Լուսյա Մանուչարյանը՝ ամենահետաքրքիր հարցի համար:

Մասնակիցները ստացել են հավաստագրեր:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին