Տնտեսագիտական համալսարանում տրվեց հերթական կարճաժամկետ դասընթացի մեկնարկը

Դիտումների քանակ՝ 3563

Կարճաժամկետ դասընթացի ծառայությունների ոլորտում դիրքավորվող Տնտեսագիտական համալսարանում երեկ տրվեց հերթական՝ «Խորացված MS EXCEL» դասընթացի մեկնարկը: Դասընթացով հետաքրքրվել և մասնակցության հայտ էր ներկայացրել շուրջ 2 տասնյակ մարդ:

8 հանդիպումից բաղկացած դասընթացը վարում է «Էքսելիստ» ընկերության հիմնադիր-տնօրեն Մայիս Մարգարյանը, ում ղեկավարած ընկերության տրամադրության տակ են հետևյալ ռեսուրսները`

Դասընթացը բացեց և մասնակիցներին ողջունեց ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը` ներկայացնելով հմուտ դասընթացավարին և անդրադառնալով ծրագրի կարևորությանը: Պրոռեկտորը նշեց, որ Մայիս Մարգարյանը պրոֆեսիոնալ «Էքսելի» դասավանդման և վերապատրաստման շուկայում ամենաարդյունավետ ծրագրեր իրականացնող «Էքսելիստ» ակումբի հիմնադիրն է, որի մրցակցային առավելությունը կայանում է ոչ միայն ծրագրի դասավանդման կառուցվածքի և մեթոդաբանության մեջ, այլև նրանում, որ դասընթացների մասնակիցները հետագայում անընդհատաբար հնարավորություն են ունենում online ռեժիմում խորհրդատվություն ստանալ ակումբի մասնակիցներից: Ակումբը «Էքսելի» պրոֆեսիոնալ կիրառման հմտություն ունեցող անձանց ամենամեծ ցանցերից մեկն է Հայաստանում: «Ընդ որում պրոֆեսիոնալ «Էքսելի» կադրեր որոնող գործատուների մեծամասնությունը հենց այս ընկերությանն է դիմում թեկնածու առաջարկելու խնդրանքով, ինչը նույնպես ծրագրի մասնակիցների հետագա աշխատանքային հնարավորության տեսանկյունից առավելության է վերածվում: Այդ առումով մենք ուրախ ենք, որ մեր համալսարանի շրջանավարտ Մայիս Մարգարյանը համաձայնեց ՀՊՏՀ-ում նունպես իրականացնել կարճաժամկետ դասընթաց: Ես ավելի քան վստահ եմ, որ ծրագրի հաջորդ փուլում մենք, հանձինս Ձեզ, կունենանք այլոց մասնակցությունը իրենց օրինակով խրախուսող տասնյակ շահակիցներ»,- ասաց Արմեն Գրիգորյանը:

«Էքսելիստ» ընկերության հիմնադիր-տնօրեն Մայիս Մարգարյանին asue.am-ը խնդրեց ներկայացնել՝ դասընթացի իմացությունը մեր օրերում հատկապես ո՞ր ոլորտի մասնագետների համար է կարևոր, ի՞նչ հիմնական գիտելիքներ կտա այն:

«Կարելի է ասել, որ «Էքսելը»  պետք է ամենուր, ուր կա տվյալների հաշվառում ու մշակում՝ սկսած պտուղ-բանջարեղենի խանութպանից, ով հաշվարկը տետրում է անում, վերջացրած վիճակագրական բարդ վերլուծություններով զբաղվող տնտեսագետով: Դասընթացը թույլ կտա արդյունավետ օգտագործել ծրագրի հնարավորությունները՝ ավտոմատացնելով հաշվողական ու վերլուծական աշխատանքները, նվազեցնելով սխալվելու և այլ ռիսկերը, վիզուալացնելով և հեշտ ընկալելի դարձնելով տվյալների տված պատկերը»,- ասաց Մայիս Մարգարյանը:

Անդրադառնալով ծրագրի առանցքային բովանդակությանը՝ նա նշեց. «Սա հիմնական ու շատ լուրջ առարկա է: Ծրագրում ներառված են «Էքսելի»  այն գործիքների համախումբը, որը, կոպիտ ասած, թույլ կտա «Էքսելից» օգտվողների մեծ մասին 100 տոկոսով բավարարել իրենց պահանջմունքները և լուծել աշխատանքային խնդիրները: Մնացած՝ ավելի փոքր մասին այդպիսի պահանջմունքները բավարարելու համար անհրաժեշտ կլինեն նոր գործիքներ, սակայն այդպիսիք անհրաժեշտ են միայն ամենանեղ մասնագետներին»:

Դասընթացի ուսումնական պլանին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ-ում մեկնարկել են մի շարք կարճաժամկետ դասընթացներ: Հոկտեմբերին սկսվեց «Աշխատակազմի կառավարման հարցերով զբաղվող մասնագետների վերապատրաստում» դասընթացը, այնուհետև՝ «Նախագծերի կառավարման հիմունքներ»-ը, իսկ դեկտեմբերի 6-ին կսկսվի «Հոսպիտալ մենեջմենթ»-ը:

Դասընթացները կազմակերպում է ՀՊՏՀ շարունակական կրթության և վերապատրաստումների բաժինը: Դասընթացների ավարտին մասնակիցներին տրվում են հավաստագրեր: ՀՊՏՀ ուսանողները և աշխատակիցները դասընթացներին մասնակցում են 30 տոկոս, իսկ շրջանավարտները՝ 10 տոկոս զեղչով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին