Հանդիպում՝ «Հոսփիթլ Մենեջմենթ» դասընթացի մասնակիցների հետ
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) «Հոսփիթլ Մենեջմենթ» (Hospital Management) ծրագրի մասնակիցներին՝ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի գլխավորությամբ։
Նշենք, որ այս ծրագրին մասնակցում են առողջապահության ոլորտում աշխատող բժշկական կազմակերպությունների և նրանց ստորաբաժանումների ղեկավարները, բժիշկները և բժշկական կազմակերպությունների վարչական անձնակազմը։
Նախարարը վերջիններիս հետ քննարկել է առողջապահության ոլորտի բարեփոխումները և ընդգծել դրանց մեջ կիրթ ու փոփոխությունների պատրաստ կառավարիչների դերի կարևորության մասին:
«Միանշանակ է, որ իմ և առողջապահության նախարարության կողմից նման նախաձեռնությունները ողջունելի են, հատկապես, որ ոլորտում ինտենսիվ իրականացվող բարեփոխումները նոր հմտություններ են պահանջում: Մենք գիտենք, որ հիվանդանոց, պոլիկլինիկա, առողջության կենտրոն կամ որևէ այլ բժշկական կենտրոն ղեկավարելը միայն կլինիկական գիտելիքներով չի որոշվում», - ասել է նախարարը:
Հանդիպման ընթացքում ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը ներկայացրել է նոր ստեղծվող առողջապահության կառավարման մագիստրատուրայի ծրագիրը, ինչպես նաև «Հոսփիթլ մենեջմենթ» դասընթացի ժամանակ ուսուցանվող ծրագրերը և մասնակիցների համար նոր հմտությունների ու ունակությունների ձեռք բերումը: Վերջինս հույս է հայտնել, որ այս ծրագիրը կնպաստի առողջապահության ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացմանը։
Հանդիպման ընթացքում նաև տեղի է ունեցել հարց ու պատասխան՝ նախարարի և մասնակիցների միջև։
Տեղեկատվությունը՝ ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից: