MBG Hospitality ընկերությունը` ՀՊՏՀ գործընկեր. համագործակցության հուշագրի ստորագրում և անելիքների քննարկում ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 2992

Տարեսկիզբը ՀՊՏՀ-ում նոր համագործակցությունների հաստատման տեսանկյունից ևս ակտիվ է: Այսօր համալսարանը համագործակցության հուշագիր վավերացրեց MBG Hospitality մուլտիբրենդային ընկերության հետ: Հուշագիրը ստորագրեցին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը և ընկերության հիմնադիր տնօրեն Կարեն Մարգարյանը: Միջոցառմանը մասնակցում էին ստորագրող կողմերի ներկայացուցիչները՝ MBG Hospitality ընկերության PR մենեջեր Աննա Ալավերդյանը, ՀՊՏՀ-ից՝ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի պետ Աղավնի Հակոբյանը, աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժնի պետ Գևորգ Սարդարյանը, աշխատակիցներ:

Ներկաներին ողջունեց Դիանա Գալոյանը՝ նշելով, որ ՀՊՏՀ-ն կարևորում է MBG Hospitality-ի հետ գործընկերությունը և ակնկալում է բազմակողմ համագործակցություն՝ ՀՊՏՀ ուսանողների փորձառությունների կազմակերպում ընկերությունում, աշխատանքի հնարավորություն, բաց դասերի կազմակերպում:

«Մեր ուսանողները մեծ հետաքրքրություն ունեն ձեր ընկերության նկատմամբ, և հուսով եմ, որ համագործակցության շրջանակում կխորհրդակցենք նաև մեր կրթական ծրագրերը գործատուի պահանջներին է´լ ավելի համապատասխանեցնելու ուղղությամբ: Ձեր ընկերությունը բազմապրոֆիլ է, ձեզ հետ գործակցության ուղղությունները մի քանիսն են, և կարող ենք ասել, որ դուք մեր լավագույն գործընկերներից եք »,-ասաց Դիանա Գալոյանը: Ռեկտորի պաշտոնակատարը խոսեց նաև ՀՊՏՀ Change Lab-ի մասին, որի նպատակներից մեկը ուսանող-գործատու կապի աշխուժացումն է, և նշեց, որ MBG Hospitality-ն կարող է արդյունավետ համագործակցել նշված լաբորատորիայի հետ:

Կարեն Մարգարյանն էլ իր հերթին կարևորեց ՀՊՏՀ-ի հետ սկիզբ առնող գործընկերությունը և ընդգծեց, որ իրենք պատրաստակամ են գործնական հմտություն հաղորդել ՀՊՏՀ ուսանողներին, և ակնկալում են աշխատել նպատակասլաց ու սովորելու մեծ ձգտում ունեցող երիտասարդների հետ:

Համագործակցության ստորագրումից հետո կողմերը քննարկեցին անելիքները: Փորձառությունների կազմակերպման, ՀՊՏՀ-ականներին աշխատանքի տեղավորմանն առնչվող հարցերի վերաբերյալ դիտարկումներ ներկայացրին Լուսինե Դանիելյանը, Աղավնի Հակոբյանը, Գևորգ Սարդարյանը, նախանշեցին առաջիկա աշխատանքը:

Նշենք, որ MBG Hospitality-ն միավորում է եվրոպական և հայկական խոհանոցով 7 բրենդեր՝ Louis Charden, Hans &Franz, Chinar, Tsirani Home, Tsirani Garden, Vostan, Alaska by Hans&Franz:

Միջոցառման ավարտին, asue.am-ի հետ զրույցում, Կարեն Մարգարյանը խոսեց ՀՊՏՀ-ի հետ նախատեսվող անելիքների մասին: Նախ ասաց, որ ինքը ՀՊՏՀ շրջանավարտ է և սրտացավորեն է ստանձնելու հուշագրի կետերի իրականացման գործը, ապա նշեց, որ ՀՊՏՀ ուսանողները կներգրավվեն ընկերության մարքեթինգի, կառավարման, ֆինանսների, հաշվապահական, սպասարկման և այլ բաժինների աշխատանքներում:

«Դեռ իմ ուսանող լինելու տարիներին ես նկատում էի, որ բուհերում գործնական գիտելիքի պակաս կա, և այսօր տարբեր ընկերությունների հետ համագործակցությամբ փորձ է արվում լրացնել այդ բացը: Մենք էլ մեր հերթին, կաշխատենք ուսանողին նախ տալ գործնական գիտելիք, ապա նաև բուհի հետ աշխատել այլ ուղղություններով»,-ասաց Կարեն Մարգարյանը:

Հիշեցնենք, որ MBG Hospitality-ի տնօրեն Կարեն Մարգարյանը նոյեմբերին բաց դաս է վարել ՀՊՏՀ-ականների համար: Այս մասին մեր հրապարակմանը ծանոթացեք այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին