ՀՊՏՀ ընդունվելու դեպքում ուսման վարձի փոխհատուցում՝ «Կորիզ»-ի մրցանակակիրներին

07.06.2024
Դիտումների քանակ՝ 473

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, «Կորիզ կրթական ծրագիր» ՓԲԸ-ն և «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունն այսուհետ ջանքերը կկենտրոնացնեն՝ աջակցելու «Կորիզ» համադպրոցական մրցույթում լավագույն արդյունքներ ցուցաբերած 11-րդ դասարանի աշակերտներին։ Այդ մասին այսօր փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ Արմեն Գրիգորյանը, «Կորիզ» կրթական ծրագրի տնօրեն Սուրեն Ալոյանը և «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանը։

Համագործակցության արդյունքում «Կորիզ» մրցույթում լավագույն արդյունքներ ցուցաբերած 11-րդ դասարանցի 2 մասնակցի (ըստ գրաված հորիզոնականի առաջնահերթության) ուսման վարձավճարը կփոխհատուցվի ուսումնառության ամբողջ ընթացքում՝ ՀՊՏՀ առկա ուսուցման բակալավրիատի «Տնտեսագիտություն» և «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագրերով ընդունվելու պարագայում։

«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանը ուրախությամբ ընդգծեց ՀՊՏՀ-ի հետ համագործակցության մեկնարկի մասին  և հավելեց՝ «Նաիրի Ինշուրանս»-ը կարևորում է ներդրումը կրթության ոլորտում, ինչին միտված է նախաձեռնությունը։

«Կորիզ» կրթական ծրագրի տնօրեն Սուրեն Ալոյանը ներկայացրեց «Կորիզ»-ի գաղափարախոսությունը՝ մեծարել ուսուցչին, կարևորել ուսուցչի ինստիտուտը և դա անել՝ նրա աշակերտների գիտելիքները գնահատելով։ Նրա խոսքով՝ «Կորիզ»-ում ներգրավված են 1184 դպրոցների 34 հազար աշակերտներ, որոնք ոչ ֆորմալ՝ խաղային կրթության միջոցով ստանում են տարբեր ոլորտների գիտելիքներ՝ մաթեմատիկա, ինժեներիա, 3D մոդելավորում, ֆինանսական գրագիտություն և այլ։ Ծրագրի վերջնարդյունքում լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտներն ու նրանց ուսուցիչները խրախուսվում են՝ արժանանալով Հայկական օսկարի։ «Կորիզ» կրթական շարժումը բոլոր այն մարդկանց մասին է, որոնք մտածում են կրթության համար»,- ասաց Սուրեն Ալոյանը՝ հավելելով, որ ծրագրերն ընդլայնվում են, և այդ համատեքստում է տնտեսագիտական կրթության կարևորումը։

ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ Արմեն Գրիգորյանը ողջունեց նախաձեռնությունը և կարևորեց համալսարանական կրթության խրախուսումը։ «Ուրախ եմ, որ մենք ներդրում ենք անում անհատի կյանքում, և նա իր գիտելիքով սկսում է արժեք ստեղծել։ Միաժամանակ, պետք է այնպիսի մեխանիզմներ ներդնել, որոնց շնորհիվ անհատը արժեք կստեղծի իր երկրում, իր համայնքում»,- ասաց բուհի ղեկավարը։

Կարևորն այն է, որ բոլորն ունեն կամք՝ իրենց ներդրումը կատարելու սկսված գործընթացում․ միակարծիք էին գործընկերները։